ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ։ Հրաժարվում են բացել, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ», - նշել է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշել է, որ տեղյակ է, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:
Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:
«Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին», - նշել է Թաթոյանը:-0-