ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հուլիսի 6–ին Վերին Շորժայի հատվածում գրանցված միջադեպը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես երեքշաբթի
հայտնել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել։
«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս։ Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ», – հայտարարել է նա։
Նշենք, որ Զասը հուլիսի 3–ին հայտարարել է, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրացումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթին։ «ՀԱՊԿ ներուժը գործարկվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Իսկ այստեղ մենք, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծուն, այնտեղ զոհեր, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – հայտարարել է Զասը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը հետագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար` Գրիգորյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։
ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի ռուս սահմանապահները տեղակայվեն Սև լճից (Սյունիքի մարզ) մինչև Շորժա (Գեղսրքունիքի մարզ)։
«Գործընթացը սկսվել է, բայց այս պահին մենք դեռ ամբողջությամբ չենք կարողացել հասնել լուծման։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում, ....ինչից հետո սահմանին կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահները», – ասել է նա։–0–