2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերը ջերմաստիճանը իջավ -26․․․-28, ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3–ը․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ վերջին օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։
Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում, միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։
Այս երևույթով պայմանավորված հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։