Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

07.12.2017, 11:03
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։

Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Սպիտակի երկրաշարժի հետ կապված տասը կարևորագույն փաստեր:

  • Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը, յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբերին։

  • Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։

  • Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ։ Երկրաշարժից առաջացած ալիքը պտույտ է գործել ողջ Երկրագնդով մեկ, ցնցումներ են գրանցվել անգամ Ասիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։

  • Ավերիչ երկրաշարժից մի քանի օր առաջ գրանցվել էին ցնցումներ։ Տեղական իշխանությունները չէին կարևորել դրանք, չէ՞ որ հաշվի առնելով քաղաքի տեղանքը` նման իրադարձությունները հազվադեպ չեն։

  • Հազարավոր հայեր օգնության հասան տուժածներին։ Տեխնիկայի և անգամ գործիքների բացակայության պայմաններում մարդիկ օր ու գիշեր ձեռքով մաքրում էին փլատակները։

  • 1988 թ.–ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր։ Օդի ջերմաստիճանը կազմում էր -35 աստիճան։ Եվ անգամ նրանք, որոնց հաջողվել էր փրկվել երկրաշարժից, հայտնվեցին մահվան եզրին` մնալով անօթևան։

  • Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը` միջոցներ հավաքելով պատմական հայրենիքին օգնելու համար։

  • Ողջ աշխարհը համախմբվեց` Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։

  • Երկրաշարժից հետո առաջին օրերին Հայաստանում կործանվեց փրկարարներ և հումանիտար օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ։

  • Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում ազատված էներգիան հավասարազոր էր տասը ատոմային ռումբերի հզորության։–0–