Ուսանողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան. ոստիկանության և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել

15.11.2017, 11:35
Այս պահին ոստիկանների և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել։  
Ուսանողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան. ոստիկանության և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները, ովքեր ակցիա են անցկացնում ԱԺ–ի շենքի դիմաց, փորձում են փակել Բաղրամյան պողոտա։

Ոստիկանությունը նրանց 5 րոպե ժամանակ է տվել փողոցն ազատելու համար։

Բաղրամյան պողոտայում է նաև Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը։

Իրավիճակը բավականին լարված է, ժամանել են մեծ թվով ոստիկաններ։

Այս պահին ոստիկանների և ուսանողների միջև քաշքշուկ է սկսվել։  

Նշենք, որ ԱԺ–ն քիչ առաջ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–