Թոփ 20 դեղերը, որոնք այսուհետ վաճառվելու են դեղատոմսով

28.02.2018, 15:54
Ներկայացնում ենք 20 ամենապահանջված և հաճախ վաճառվող դեղերը, որոնք այսուհետ հնարավոր չի լինի գնել առանց դեղատոմսի։
Թոփ 20 դեղերը, որոնք այսուհետ վաճառվելու են դեղատոմսով

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը։ 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։

Վաղվանից դեղատոմսով կվաճառվեն հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեդատոմսով։ Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում 20 ամենապահանջված և հաճախ վաճառվող դեղերը, որոնք այսուհետ հնարավոր չի լինի գնել առանց դեղատոմսի։

Загружается новость ... "Лево"

Հակավարակային դեղեր

Լևոմիցետին (հաբեր)

Լևոմիցետինը (քլորամֆենիկոլ) լայն սպեկտորի մանրէաստատիկ հակաբիոտիկ է։ Այն ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում` որովայնային տիֆ, պարատիֆ, իերսինիոզ, բրուցելոզ, շիգելոզ, սալմոնելոզ, տուլյարեմիա, խլամիդիոզ, թարախային պարիտոնիտ, լեղուղիների ինֆեկցիա և այլն։

Էրիթրոմիցին (հաբեր)

Էրիթրոմիցինը մանրէաստատիկ հակաբիոտիկ է, այն ցուցված է դիֆտերիայի, կապույտ հազի, տրախոմայի, բորցելոզի, քութեշի, գոնորեայի և այլ հիվանդությունների դեպքում։

Ամոքսիցիլին (դեղապատիճներ)

Ամոքսիցիլինը լայն սպեկտորի կիսասինթետիկ պենիցիլինների շարքին դասվող հակաբիոտիկ է։ Ունի մանրէասպան ազդեցություն։

Ֆլուկոնազոլ (հաբեր)

Ֆլուկոնազոլը դասվում է այսպես կոչված «հակասնկային դեղորայքի» շարքին։ Այն կիրառվում է սնկերից առաջացած ինֆեկցիաների բուժման ժամանակ, ինչպես նաև կարող է կիրառվել կանդիդոզային ինֆեկցիաների կանխարգելման ժամանակ։

Ֆուրադոնին (հաբեր)

Ֆուրադոնինը ցուցված է միզուղիների ոչ բարդ ինֆեկցիաների դեպքում (սուր ցիստիտ, բակտերիուրիա, ուրետրիտ և այլն) և ուռոլոգիական վիրահատությունների ու հետազոտությունների դեպքում հիվանդությունների կանխարգելման ժամանակ։

Դիֆլուկան (դեղապատիճներ)

Դիֆլուկանը հակասնկային դեղամիջոց է։

Բիսեպտոլ (հաբեր)

Բիսեպտոլը կոմբինացված հակաբակտերիալ դեղամիջոց է` մանրէասպան ազդեցությամբ։ Այն ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։

Տետրացիկլին (հաբեր)

Տետրացիկլինը ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում` թոքաբորբ, բրոնխիտ, անգինա, խոլեցիստիտ, պիելոնեֆրիտ, աղիքային ինֆեկցիաներ, էնդոկարդիտ, էնդոմետրիտ, պրոստատիտ, սիֆիլիս, գոնորեա , բրուցելոզ, փափուկ հյուսվածքների թարախային ինֆեկցիաներ և այլն։

Ամպիցիլին (ներարկման համար նախատեսված փոշի)

Ամպիցիլինը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Կիրառվում է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։

Ֆլյուկոստատ (դեղապատիճներ)

Ֆլյուկոստատը հակասնկային դեղորայք է։

Աուգմենտին (հաբեր)

Աուգմենտինը կոմբինացված հակաբիոտիկ է, որը պարունակում է ամոքսիցիլին և կլավուլանային թթու։

Ազիմակ (դեղապատիճներ)

Ազիմակը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Ցուցված է անգինայի, սինուսիտի, օտիտի, բակտերիալ բրոնխիտի դեպքում։ 

Загружается новость ... "Право"

Հոգեմետ նյութեր պարունակող դեղեր


Պենտալգին

Պենտալգինի բաղադրության մեջ առկա է պարացետամոլ և պրոպիֆենազոն, պենտալգինն ունի ցավազրկող և ջերմիջոցնող ազդեցություն։ Պենտալգինում առկա է նաև կոֆեին, որը հոգեխթանիչ է։ Պենտալգինում առկա կոդեինն ունի ցավազրկող ազդեցություն։

Սոլպադեին (լուծվող հաբեր)

Սոլպադեինը կոմբինացված դեղորայք է, որն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակահազային ազդեցություն։

Վալիում (հաբեր)

Վալիումը տրանկվիլիզատոր է, ունի հանգստացնող, հակաջղաձգային և քնաբեր ազդեցություն։

Կաֆետին

Պրոպիֆենազոն և պարացետամոլ պարունակող կաֆետինն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն։

Հորմոնալ դեղամիջոցներ

Դեքսամեթազոն (լուծույթ)

Դեքսամեթազոնն ունի հակաբորբոքային, հակաալերգիկ, իմունոդեպրեսիվ ազդեցություն։

Յոդոմարին 200 (հաբեր)

Յոդոմարին 200–ը լրացնում է յոդի դեֆիցիտն օրգանիզմում` խոչընդոտելով յոդի դեֆիցիտից առաջացող հիվանդությունների զարգացումն ու նպաստելով վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը։

Լ–Թիրօքսին (հաբեր)

Լ–Թիրօքսինի բաղադրության մեջ մտնող լևոթիրօքսինն իր ազդեցությամբ նման է մարդու էնդոգեն թիրեոիդ հորմոնին։

Օքսիտոցին (հաբեր)

Օքսիտոցին հորմոնը նպաստում է ծննդաբերության ընթացքում արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը։ Արհեստականորեն սինթեզված օքսիտոցինը, որը ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներմկանային եղանակով, կիրառվում է ծննդաբերությունը դրդելու կամ խթանելու նպատակով, ուժգնացնելով կծկանքը։–0–