Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից

14.06.2019, 16:52
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:

Այդ մասին նշվում է Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակված նրա դիմումում:

«Թեև երբեք կախված չեմ եղել ու ներկայումս էլ կախված չեմ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից և մասնագիտական գործունեության մեջ մշտապես նվիրված եմ եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու, քարոզելու և անձամբ պահպանելու գաղափարին, վերոշարադրյալի լույսի ներքո և Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտը վերացնելու նկատառումներով այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում», - նշել է նա:

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունում, անկասկած, առկա է դատաիրավական լրջագույն բարեփոխումների և դատական իշխանությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտություն:

«Անցած մեկ տարվա համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվեց ապահովել դատական իշխանության ներքին անկախությունը, դատական համակարգը համալրել իրապես որակյալ և անբիծ կենսագրություն ունեցող նոր կադրերով, սեփական ուժերով մշակել ու հաստատել մի քանի տասնյակ լրջագույն իրավական ակտեր, իրականացնել առաջին հայացքից չերևացող կարևորագույն բարեփոխումներ», - նշել է նա:

Ըստ Մեղրյանի, երկրում իրականացվելիք դատաիրավական բարեփոխումները` ներառյալ դատական իշխանության հանրային ընկալմանը նպաստող բոլոր հնարավոր գործընթացները, պետք է առաջնորդի բացառապես հանրային վստահություն ներշնչող Բարձրագույն դատական խորհուրդը, որի անդամների մասնագիտական և անձնական որակները, ինչպես նաև ընտրության գործընթացը չի կարող կասկածի տակ դրվել որևէ անաչառ և ողջամիտ դիտտորդի կողմից:-0-