Սահմանին վիրավորված զինծառայողի աչքի վիրահատությունը հարթ է անցել. վիճակը միջին ծանրության է

18.06.2017, 00:44
Զինծառայողը վիրահատվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:
Սահմանին վիրավորված զինծառայողի աչքի վիրահատությունը հարթ է անցել. վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելիս խորհրդատվություն է տրամադրել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, այսօր զինծառայողին տեղափոխել են մասնագիտացված կենտրոն, որտեղ և վիրահատել են։

«Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանն այն հաջողությամբ հեռացրել է, իրականացրել լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները», – հայտնում է Հայթայանը։

Загружается новость ... "Лево"

Նրա փոխանցմամբ, վիրահատությունն անցել է հարթ։ Զինվորի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա գտնվում է բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։

Հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17–ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, ինչի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:–0–