Փաշինյանը բացատրություն է տվել նախարարների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին բացատրություն է տվել նախարարների աշխատավարձերի բարձրացման աղմկոտ հարցի վերաբերյալ:
Հոկտեմբերի 21-ին hetq.am կայքը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը և կազմել 1,5 մլն դրամ:
Ըստ վարչապետի, այդ որոշման արդյոնքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է:
«Եթե հիշում եք, անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի անհամամասնություն կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը բարձրացել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան: 2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քննարկել»,- ասել է նա:
Փաշինյանը հիշեցրել է նաև, որ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել:
Ըստ նրա, որոշումը նպատակ է ունեցել դուրս բերել այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի: Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ հանրության հետ և ԱԺ-ում բավարար չափով քննարկում են ունեցել, որ այդ հարցը լուծեն:
Ինչ վերաբերում է այս որոշման «գաղտնիությանը», Փաշինյանը նշեց, որ նման գործընթաց անհնար է գաղտնի կազմակերպել, քանի որ տարվա վերջին բոլոր նախարարնրը ներկայացնում են հայտարարագրեր, որոնք բաց հասանելիություն ունեն:-0-