Նոր կառավարությունում գործարարներ և օլիգարխներ չեն լինի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ , վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստացել է չներառել օլիգարխների ՀՀ նոր կառավարության կազմում։
«Եթե վաղն ընտրվեմ վարչապետ, ապա կարող եմ վստահեցնել, որ նոր կառավարությունում գործարարներ և օլիգարխներ չեն լինի», – ասաց Փաշինյանը հինգշաբթի լրագրողներին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ խորհրդատվություններից հետո։
Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա, նրա խոսքով, կիրականացվեն քննարկումներ, այդ թվում` նա չբացառեց ՀՀԿ–ի հետ խորհրդակցությունների հնարավորությունը։
«Մենք կոնկրետ գիծ չենք անցկացնում, սակայն կառավարության հավաքական դեմքը պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խնդիր չի տեսնում` կապված իր ընտրվելու հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
Ընդդիմության առաջնորդը նաև ընդգծեց, որ այս պահին աշխատում է վաղվա ելույթի, ոչ թե կառավարության ծրագրի վրա։ Փաշինյանը խոստացավ իր ելույթում ներկայացնել խաղի հիմնական կանոնները, որոնք «կլինեն պարզ և հասկանալի բոլորին` ամեն ինչ օրենքի շրջանակում»։
«Կառավարության ծրագիրը կներկայացնենք նախատեսված ժամկետում, իսկ ինչպես կքվեարկի ՀՀԿ–ն, ցույց կտա ժամանակը, պետք չէ առաջ վազել, հարկավոր է լուծել օրվա խնդիրները։ Ռազմավարական խնդիրները մենք արդեն լուծել ենք», – ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ կառավարության ծրագիրը կքննարկվի ՀՀԿ–ի հետ աշխատանքային մթնոլորտում, և սպասվում է, որ կողմերը կհասնեն համաձայնության, որպեսզի ծրագրի քվեարկությունը չձախողվի։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին կոչերին, որոնք շրջանառվում են սոցցանցերում, ապա, Փաշինյանի խոսքով, հիմա լուծվում է վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցը, որոնց համար նախատեսված են կոնկրետ ժամկետներ։
«Մենք աշխատում ենք ընտրությունների ուղղությամբ։ Տեղյակ չեմ այդ գործընթացներից, սակայն ընտրություններից հետո կներկայացնեմ իմ դիրքորոշումը», – ասաց նա։–0–