«Մեր վերջնական նպատակն է հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը

23.11.2017, 14:25
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը:
«Մեր վերջնական նպատակն է հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում:

«Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, ՀՀ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ:

«Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ միտումները բավական դրական են. Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017 թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է և նույնպես դրական է», – նշել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ունենք ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները:

«Ուրախալի է նաև, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարևոր փաստ է, որովհետև տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաև մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության և այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, և պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար: Իսկ այս համաժողովը Հայաստանի համար, կարծում եմ, յուրահատուկ հարթակ է՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետների հետ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը, համագործակցության նոր կապեր ստեղծելու հայկական գինեգործության զարգացման համար և նոր փոխշահավետ նախագծեր ձևակերպելու մեր միջազգային գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը լավ տրամադրություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ համաժողովից հետո կձեռնարկվեն շատ ավելի գիտակցված և որոշակի քայլեր, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա:

Գինու միջազգային համաժողովը նախաձեռնել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Այն անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է՝ շահագրգիռ մասնագետներին և ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վերհանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար և գիտական հետագա համագործակցության հեռանկարները:–0–