Երևանում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են վերջինի մահը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Վրաերթի պահին փողոցում արտաքին լուսավորությունը միացված չի եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։