Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան Ճրագալույցը

05.01.2018, 19:30
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին:
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան Ճրագալույցը
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին:

Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:–0–