Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը

24.04.2016, 10:53
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կհանձնվի Aurora Prize for Awakening Humanity մրցանակը։ Մրցանակին առաջադրվել են մարդիկ, ովքեր բացառիկ ներդրում են կատարել մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրական գաղափարների առաջխաղացման գործում։

100 LIVES նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք առանցքային ուղղություններով` եզրակացություններ անել անցյալից, հավաքել և 100LIVES.com կայքի շնորհիվ հասարակության սեփականությունը դարձնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց անհայտ պատմությունները, հարգանքի տուրք մատուցել ներկային Aurora Prize նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնման միջոցով, որը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։

Aurora Prize մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելն ու օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին։ Բացի այդ, հանձնաժողովում ներառված են նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գվոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Խինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը ու նյույորքյան Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը։  

Aurora Prize մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016 թ.–ի ապրիլի 24–ին Երևանում։

100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։

Ցեղասպանության պատմությունը

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլոք։

Այժմյան Թուրքիան 101 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը 1998 թ.-ից հետո, երբ այդ հարցը մտավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ Վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման քարոզչությունն ավելի մեծ թափ է առնում, և այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի նախագծերը ներառվում են նորանոր երկրների և միջազգային կազմակերպությունների խորհրդարանների օրակարգում։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանությունը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթին։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։–0–