Դեկտեմբերի 19-ին կհրապարակվի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը

16.12.2016, 21:10
Դեկտեմբերի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը։
Դեկտեմբերի 19-ին կհրապարակվի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը, հաղորդում է pastinfo–ն։

Վերաքննիչ դատարանում գործը քննվում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի, Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:

Արամազդ Կիվիրյանը բողոք է ներկայացրել կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով ներկայացված քաղհայցը վարույթն ընդունելուց հրաժարվելու՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մասով՝ պահանջելով այդ մասով գործն ուղարկել նոր քննության, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք են ներկայացրել ընդհանուր առմամբ դատավճռի դեմ՝ պահանջելով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Իսկ Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը Պերմյակովը հետ էր վերցրել:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գյումրիում տեղակայված ռազմաբազայի արդեն նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։-0-