Ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով. Լևոն Տեր–Պետրոսյան

22.07.2016, 15:42
Ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` մեկնաբանելով ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով. Լևոն Տեր–Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ–ի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը` մեկնաբանելով ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջև, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում և միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին», – նշվում է Տեր–Պետրոսյանի հայտարարության մեջ, որը գործակալությունը ստացել է ՀԱԿ–ի մամուլի ծառայությունից։

Նրա խոսքով` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը հիմա կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջև, որն իր կարևորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

«Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։ Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարևորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում և որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու և համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի», – ընդգծում է Հայաստանի առաջին նախագահը։

Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու և անառարկայական չդիտվելու համար Լևոն Տեր–Պետրոսյանը նշում է Ղարաբաղում և Հայաստանում վերջերս տեղի ունեցած երեք կոնկրետ իրադարձությունները։

«Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում, երկրորդը` շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։ Եվ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը և դրա հետեւանքով այս օրերին Երևանում ստեղծված գերլարված իրավիճակը», – նշում է Լևոն Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` նա չի ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ և իր տեսակետը պարտադրել հասարակությանը։

«Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, և. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում», – նշում է Հայաստանի առաջին նախագահը։

«Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ. – Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։ Վերլուծությունները պետք է կատարվեն և տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի բարդացնում իրավիճակը», – ընդգծում է Տեր–Պետրոսյանը։

Նրա կարծիքով` անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։

«Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։ Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից», – եզրափակել է Հայաստանի առաջին նախագահը։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:–0–