Երևանում և Հայաստանի տարածքում մարտի 21–ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում և միջպետական նշանակության որոշ ավտոճանապարհներին մարտի 21–ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր։
ՀՀ ոստինակության մամուլի ծառայության հաղորդմամբ` շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման, տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի մարտի 21-ից արագաչափ սարքեր կգործարկվեն Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից Դավիթ-Բեկ-Միկոյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Երկու արագաչափ սարք է գործարկվելու նաև Մ-5 «Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ–ում՝ Մ-5 և Փարաքար համայնքի Ջիվանու փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–