Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. մյուսներն ապաքինվում են

10.05.2016, 16:27
Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր երեքշաբթի դուրս գրվել հիվանդանոցից:
Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. մյուսներն ապաքինվում են

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր երեքշաբթի դուրս գրվել հիվանդանոցից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

45-ամյա տղամարդը բուժում էր ստանում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:  Նա տնային պայմաններում ևս կգտնվի բժշիկների դինամիկ հսկողության ներքո:

«Արմենիա» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 2 քաղաքացի` 1-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը գնահատում է բավարար, բուժումը շարունակվում է:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Ստանում են վերականգնողական բուժում:

Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։–0–