Երևանն առաջ է Կիևից, Պետերբուրգից, Թբիլիսիից և Բաքվից քաղաքների կյանքի որակի վարկանիշում

15.03.2017, 12:16
Երևանը 172–րդն է քաղաքների կյանքի որակի վարկանիշում, նշվում է Mercer խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։
Երևանն առաջ է Կիևից, Պետերբուրգից, Թբիլիսիից և Բաքվից քաղաքների կյանքի որակի վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը 172–րդն է քաղաքների կյանքի որակի վարկանիշում, նշվում է Mercer խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։

Ցուցակը հիմնված է այնպիսի չափորոշիչների վրա, ինչպիսիք են քաղաքական կայունությունը, առողջապահության և կրթության որակը, հանցավորության մակարդակը, տրանսպորտի արդյունավետությունը, ժամանցի հնարավորությունները։

Ըստ վարկանիշի, 231 քաղաքների թվում Երևանն առաջ է անցել տարածաշրջանի գրեթե բոլոր հարևաններից` Թբիլիսիից (187–րդ տեղ), Բաքվից (196), Թեհրանից (199), բացի Ստամբուլից (133)։

Ութերորդ տարին անընդմեջ վարկանիշի առաջատարը Վիեննան է։ Առաջատարների տասնյակում են նաև Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենը, Վանկուվերը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Ժնևը, Կոպենհագենն ու Բազելը։

Սան Ֆրանցիսկոն 29–րդն է, Լոնդոնը` 40, Նյու Յորքը` 44, Տոկիոն` 47, Հռոմը` 57, Մայամին` 68, Դուբայը`74, Թել Ավիվը` 105։

Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ քաղաքներին, ապա առաջատարների թվում են մերձբալթյան երկրները` Վիլնյուսը (81), Տալլինը (89), Ռիգան (91)։

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան 168–րդ տեղում է, Կիևը 174–րդն է, Սանկտ Պետերբուրգը` 176, Ալմաթին` 178, Թբիլիսին` 187, Մինսկը` 189, Բաքուն` 196, Տաշքենդը` 205, Բիշքեկը` 207, Աշխաբադը` 211, Դուշանբեն` 215։

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Բաղդադը (231–րդ հորիզոնական)։–0–