Փաշինյան. «թավշյա» հեղափոխությունը կարող է հանգուցալուծվել առաջիկա օրերին

20.04.2018, 11:58
Նիկոլ Փաշինյանը խոսել է «թավշյա» հեղափոխության զարգացման հնարավոր սցենարի մասին։
Փաշինյան. «թավշյա» հեղափոխությունը կարող է հանգուցալուծվել առաջիկա օրերին
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է «թավշյա» հեղափոխության զարգացման հնարավոր սցենարի մասին։

«Մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը և չենք բացառում, որ «թավշյա» հեղափոխությունն առաջիկա օրերին կարող է հասնել իր տրամաբանական հանգուցալուծման», – ասաց Փաշինյանը լրագրողներին ուրբաթ երթի ժամանակ։

Նա միաժամանակ չբացառեց, որ «Հայաստանում իշխանափոխության օր» կարող է դառնալ ապրիլի 24–ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Ապրիլի 24–ին մենք իսկապես նախատեսում ենք այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։ Կարելի է ենթադրել, որ հենց այդ օրը կարող է դառնալ իշխանափոխության օրը։ Հիմա քննարկում ենք նաև այդ սցենարը», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ շարժման հետագա քայլերի մասին կհայտարարի այսօր Հանրապետության հրապարակում ժամը 19։00–ին նախատեսված հանրահավաքի ժամանակ։

Մեկնաբանելով «թավշյա հեղափոխության » դեպքում Հայաստանի նոր իշխանական համակարգում իր հնարավոր դերակատարությունն ու վարչապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը` Փաշինյանը հայտարարեց, որ նա իրավունք չունի լուծել նման հարցեր։

«Նման հարցեր պետք է լուծի ժողովուրդը։ Եթե հետագայում ժողովուրդը որոշի ինձ ստանձնել պատասխանատվության այս կամ այն բեռը, ապա ես կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները», – հայտարարեց Փաշինյանը։

Ապրիլի 17–ին տեղի ունեցան վարչապետի ընտրությունները, ինչի արդյունքում 77 «դեմ» և 17 «կողմ» ձայներով վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը։–0–