ՊԵԿ–ն ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչ է գործարկել

10.04.2018, 20:16
ՊԵԿ–ի կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչ է գործարկվել։
ՊԵԿ–ն ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Petekamutner.am կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել:

ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում:

Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն:

«Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել և պլանավորել ծախսերը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–