Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը

21.09.2017, 09:00
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Անկախության օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներն ավանդաբար անցկացվում են ողջ երկրում։ Այդ օրը ՀՀ նախագահը հանձնում է պետական պարգևներ պաշտպանության, տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած ավանդի և ձեռքբերումների համար։

Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունը համընկավ Հայաստան–Սփյուռք խոշորագույն միջազգային համաժողովի հետ, որի մասնակիցներն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև Առաջին Հանրապետության հռչակման 100–ամյակին (1918-1920 թթ.) և Երևանի (Էրեբունի) հիմնադրման 2800–ամյակին նվիրված հարցեր։

Այս օրը բավականին հագեցած է լինելու մշակութային առումով. կազմակերպվելու են համերգներ, ներկայացումներ, շոուներ, այդ թվում` բացօթյա միջոցառումներ։

Պատմություն

Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։

Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում։

Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությունը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը: 

Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սակայն անգամ ծանրագույն պայմաններում հայերը պահպանել և զարգացրել են սեփական մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն և ավանդույթները։

Հարկ է հիշել, որ հայերենով առաջին տպագիր տեքստը հայտնվել է գրատպության արշալույսին` XV դարի սկզբում, իսկ արդեն 1512 թ.–ին Հակոբ Մեղապարտը թողարկեց տպագիր «Ուրբաթագիրքը»։

Հայաստանում մեծ թափով զարգանում էին աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, փիլիսոփայությունը։ Հայկական մշակույթի անգին ժառանգությունն է նրա բացառիկ ճարտարապետությունը։

Հայերը, թերևս, միակ ժողովուրդն են, որը, չունենալով պետականություն, ստեղծել է սահմանադրություն ապագա երկրի համար։

20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:

Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ–ի և ԵՏՄ–ի ակտիվ անդամ։ Միաժամանակ, երկիրը համագործակցում է ԵՄ–ի հետ։ Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ։

Նախագահներն ու վարչապետները

Քառորդ դար տևած անկախության ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց թվում է նաև պետության ներկա առաջնորդը, և 14 վարչապետ։

1991 թ.–ին անկախ հայկական պետության առաջին նախագահ է ընտրվել Լևոն Տեր–Պետրոսյանը։ Նա ժամկետից շուտ հրաժարական տվեց 1998 թ.–ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

Երկրորդ նախագահ ընտրվեց ԼՂՀ նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը (1998-2008)։

Ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է 2008 թ.–ին, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թ.–ին։ Հենց այդ ժամանակ Հայաստանը կանցնի խորհրդարանական իշխանավարման։

25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է 14 վարչապետ։ 1990 թ.–ի սեպտեմբերի 1–ին, դեռ անկախության հռչակումից առաջ, կառավարության առաջին առաջնորդ դարձավ Հայաստանի հանրային խորհրդի ներկա ղեկավար Վազգեն Մանուկյանը, ով պաշտոնավարեց մինչև 1991 թ.–ի հունվարի 30–ը։

1991-1992 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Հարությունյանը (ներկայում` Սահմանադրական դատարանի նախագահ), ով 1991-1995 թվականներին եղել է նաև Հայաստանի փոխնախագահ (այդ պաշտոնը վերացվել է 1995 թվականի Սահմանադրությամբ):

Երկրի կառավարությունը նաև գլխավորել են` Խոսրով Հարությունյանը (1992-1993), Հրանտ Բագրատյանը (1993-1996), Արմեն Սարգսյանը (1996-1997), Ռոբերտ Քոչարյանը (1997-1998), Արմեն Դարբինյանը (1998-1999), Վազգեն Սարգսյանը (1 հունիսի 1999 - 27 հոկտեմբերի 1999, սպանվել է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ), Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը, 1 նոյեմբերի 1999 - 30 ապրիլի 2000), Անդրանիկ Մանուկյանը (2000-2007), Սերժ Սարգսյանը (2007-2008), Տիգրան Սարգսյանը (2008-2014), Հովիկ Աբրահամյանը (2014-2016):

2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի 14-րդ վարչապետ նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Անկախ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին: Հիմնական Օրենքի փոփոխություններ կատարվել են երկու անգամ` 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Վերջին բարեփոխումները նախատեսում են երկրի անցումը կիսանախագահական իշխանավարումից խորհրդարանականի: -0-