Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը», - գրել է նա:
Ըստ Թորոսյանի, պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:
Նախարարը հայտնել է նաև, որ ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա:
«Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու», - գրել է Արսեն Թորոսյանը:-0-