Հայաստանում ՍՇՎ–ի աճ է գրանցվում. գլխավոր ինֆեկցիոնիստ

05.10.2017, 13:24
Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվում:
Հայաստանում ՍՇՎ–ի աճ է գրանցվում. գլխավոր ինֆեկցիոնիստ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվում, հինգշաբթի լրագրողներին հայտարարաեց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը։

«Այո, սուր շնչառական հիվանդությունների աճ կա, դրա պատճառը վերջին մի քանի օրում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումն է», – հայտարարեց Ասոյանն ու ավելացրեց, որ ՍՇՎ–ի էպիդեմիա այս պահին Հայաստանում չկա։

Загружается новость ... "Лево"

Նա հայտարարեց, որ Հայաստանում այս պահին գրիպով հիվանդ չի գրանցվել։

«Այս տարին բացառություն չէ։ Ամեն տարի այս շրջանում գրանցվում է ՍՇՎ–ի դեպքերի աճ, ավելի շատ երեխաների շրջանում։ Որոշների մոտ այն դրսևորվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, մյուսների մոտ` հազով, հարբուխով, անգինայով և այլն։ Սակայն բարդություններ, օրինակ` թոքաբորբ, այսօր չկան», – ասաց Ասոյանն ու հավելեց, որ Հայաստանում ՍՇՎ–ի և գրիպի ամենաթեժ շրջանը գրանցվում է դեկտեմբերից մինչև փետրվար։

Նա կոչ արեց ՍՇՎ–ի դեպքում պարտադիր դիմել տեղամասային պոլիկլինիկա և 3–4 օրվա ընթացքում դուրս չգալ տնից։

«Հիվանդության յուրաքանչյուր դեպքի գրանցումը մեզ համար շատ կարևոր է, մենք պետք է ունենանք ընդհանուր վիճակագրություն` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։ Այս պահին ես չունեմ համահանրապետական տվյալներ, կարող եմ ասել, որ մեր հիվանդանոց այս սեզոնին դիմում է օրական 8–10 մարդ», – ասաց նա։

Նրա խոսքով, օդակաթիլային ճանապարհով տարածվող սուր շնչառական հիվանդություններից շատ դժվար է խուսափել։ Ասոյանը խորհուրդ տվեց դիմակ կրել փողոցում և խուսափել հիվանդների հետ շփումից։

«Հայաստանի բնակչությունը, ի տարբերություն մնացած երկրների, ունի բարձր իմունիտետ արևի և վիտամիններով հարուստ բանջարեղենի շնորհիվ, այդ պատճառով մենք չունենք լուրջ համաճարակաբանական իրավիճակ և հուսով եմ, որ առաջիկա օրերին ևս չի լինի», – ավելացրեց նա։–0–