ՀՀ–ն ու ՌԴ–ն ավարտում են Սու–30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագրի նախապատրաստումը. Տոնոյան

02.12.2018, 12:37
Տոնոյանի խոսքով, ՀՀ–ն ու ՌԴ–ն ավարտում են Սու–30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագրի նախապատրաստումը։
ՀՀ–ն ու ՌԴ–ն ավարտում են Սու–30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագրի նախապատրաստումը. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանն ավարտում են Սու–30ՍՄ կործանիչները Երևանին մատակարարելու պայմանագրի կնքման նախապատրաստումը, նախօրեին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ 

«Մենք փորձում ենք, որպեսզի դա լինի շատ արագ։ Մոտենում ենք պայմանագրի ստորագրման եզրափակիչ փուլին», – ասել է նա Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Տոնոյանի խոսքով, երկու երկրները ներպետական մակարդակում ավարտում են սպառազինության գնման նպատակով 100մլն դոլարի ռուսական վարկի տրամադրման համաձայնագրի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, տեխնիկայի կոնկրետ տեսակների մատակարարման հարցում։

«Այս փուլում բանակցային գործընթացը մոտենում է ավարտին, ընթանում են ներպետական ընթացակարգեր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոտենում ենք դրանց ավարտին», – ասաց նա։ 

Տոնոյանը նշեց ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում։ «Մենք նախապատրաստվում ենք համատեղ միջոցառման», – ասել է նա` նշելով, որ ժամկետների մասին կհայտարարվի միայն որոշ հարցերի լուծումից հետո։

Միաժամանակ, Տոնոյանը չի պարզաբանել, թե ինչ միջոցառման մասին է խոսքը։–0–