ՀՀ ՔԿ–ն գրանցել է միայն մեկ խախտում խորհրդարանական ընտրությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրությունների օրը Քննչական կոմիտեն ստացել է խախտման մասին միայն մեկ դիմում, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը։
Նրա խոսքով, խախտումը կապված է ընտրողի ընտրության ազատության իրավունքի սահմանափակման հետ։ Սահակյանը նշեց, որ փաստի առթիվ նյութեր են ուսումնասիրվում, քննություն դեռ չի սկսվել։
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։
Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–