ՀՀ ԱՆ. երկրում կապույտ հազի համաճարակ չկա

23.08.2016, 15:24
Հայաստանում չկա կապույտ հազի համաճարակի վտանգ:
ՀՀ ԱՆ. երկրում կապույտ հազի համաճարակ չկա
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չկա կապույտ հազի համաճարակի վտանգ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

«Այս պահին արձանագրվել է կապույտ հազի մեկ դեպք։ Հղի կինը Վանաձորում վարակվել է սեփական երեխայից, ում ինքն է հրաժարվել պատվաստել։ Ուզում եմ նշել, որ կնոջ հղիությունն առանց այդ էլ ծանր է, գոյություն ունի հղիության ընդհատման վտանգ», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` 2015 թ.–ին արձանագրվել է երեխաների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններից մահացության երկու դեպք, որոնց ծնողները գրավոր հրաժարվել են պատվաստումից (երեխաներից մեկը մահացել է կապույտ հազից, մյուսը` խոզուկից)։

«Պատվաստումներն անվտանգ են։ Հայաստան է ներկրվում միայն որակյալ պատվաստանյութ», – ընդգծեց Խաչատրյանը։ –0–