Երևանում 2020թ.-ին 500 վերելակ կփոխարինվի նորերով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում այս տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 500 նոր վերելակներ կտեղադրվեն: Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները»,- նշել է նա:
Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։
«Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները»,- հայտնել է մամուլի քարտուղարը։
Հակոբ Կարապետյանը հիշեցնում է, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր, որ փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: -0-