Հայաստանի հարցված բնակիչների մոտ 66 տոկոսը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

27.11.2015, 19:04
Հայաստանի հարցված բնակիչների մոտ 66 տոկոսը հիմնականում հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում:
Հայաստանի հարցված բնակիչների մոտ 66 տոկոսը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հարցված բնակիչների մոտ 66 տոկոսը հիմնականում հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում, իսկ կեսից ավելին կարծում է, որ այդ գործողությունները չեն սպառնում երկրի անվտանգությանը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում «Gallup International association»–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Gallup International association»–ը հոկտեմբերի 23–31–ը հարցում է անցկացրել «Հայաստանի բնակչության արձագանքը Սիրիայում ռուսական ավիագրոհների նկատմամբ» թեմայով։ Հարցմանը մասնակցել է 1104 մարդ Երևանից և երկրի մարզերից։

«Հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները չեն ազդի Հայաստանի անվտանգության վրա, 17 տոկոսը պատասխանել է, որ դրանից կտուժի Սիրիայի հայկական համայնքը, 8 տոկոսը կարծում է, որ Հայաստանը կարող է թիրախ դառնալ ահաբեկիչների համար» – նշեց Նավասարդյանը։

Նա ավելացրեց, որ հարցվածների 38 տոկոսը դրական է վերաբերվում Սիրիայի տարածքում ռուսական ռազմական–տիեզերական ուժերի գործողություններին, 27 տոկոսը` ավելի շատ դրական, 14 տոկոսը` ավելի շատ բացասական և 8 տոկոսը` բացասական։ 

«Այդ գործողությունները վերջ կդնե՞ն Սիրիայում չորս տարի տևող պատերազմին» հարցին 25 տոկոսը պատասխանել է այո, 34 տոկոսը` ավելի շատ այո, 12 տոկոսը` ավելի շատ ոչ, 10 տոկոսը` միանշանակ ոչ։

«Հարցվածների 39 տոկոսը կարծում է, որ սիրիական հակամարտությունում Ռուսաստանի մասնակցության նպատակն է Արևելքում սեփական ազդեցությունն ընդլայնելու ցանկությունը, 21 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը փորձում է նվազեցնել ԱՄՆ–ի ազդեցությունը, 21 տոկոսը` հավասարեցնել ռուսական և ամերիկյան ազդեցությունը, 14 տոկոսը` պահպանել Բաշար Ասադի իշխանությունն ու 12 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ», – ավելացրեց Նավասարդյանը։

Հարցվածների 52 տոկոսի կարծիքով` Սիրիայում ստեղծված իրավիճակի մեղավորը ԱՄՆ–ն է, 23 տոկոսըի կարծիքով` ահաբեկչական խմբավորումները, 15 տոկոսը կարծում է, որ մեղավորը Թուրքիան է, 15 տոկոսը` սիրիական իշխանություններն ու նախագահ Բաշար Ասադը, 8 տոկոսը մեղադրում է սիրիական ընդդիմությանը, 6 տոկոսը` Ռուսաստանին, 5 տոկոսը` եվրոպական երկրներին և 3 տոկոսը` Սաուդյան Արաբիային։ –0–