Սուրբ Սարգսի մասին պատմող ամենասիրված լեգենդներից մեկն այն է, թե ինչպես է նա օգնել աշուղ Ղարիբին։ Խեղճ Ղարիբը չկարողացավ ամուսնանալ սիրած աղջկա հետ, քանի որ աղջկա հայրը դեմ էր նրանց ամուսնությանը։ Այդ ժամանակ աշուղը մեկնեց փող վաստակելու` պայմանավորվելով սիրելիի հետ, որ վերջինս նրան սպասելու է ուղիղ յոթ տարի։
Յոթ տարի անց Ղարիբը հարստանում է և ուղևորվում տուն։ Բայց ճանապարհին նրան սպասում են փորձություններ և խոչընդոտներ։ Թվում է, թե երջանկությունը կորել է առհավետ, սիրած աղջիկն ուրիշինն է, և սիրահարներին ոչինչ չի կարող օգնել։
Բայց երբ Ղարիբը ողջ սրտից աղոթում է Սարգսին, նա երևում է աշուղին մրրկահողմի մեջ ձյունաճերմակ նժույգով, նստեցնում է Ղարիբին ձիու վրա և մի ակնթարթում հասցնում սիրելիի մոտ։ Սրբի կատարած հրաշքը հալեցնում է աղջկա հոր քարացած սիրտը, և սիրահարներն ամուսնանում են։
