Մեծ Պահքն ապաշխարության ժամանակահատված է։ Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի 40–օրյա աղոթքն ու փորձությունն անապատում։ «Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։ 2 Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց» (Ղուկ. 4։1–2)։
Հիսուսն Իր վրա վերցրեց պահքի սխրանքը հանուն մարդկության փրկության, և ապաշխարեց, որ մարդկության ապաշխարությունն իրականություն դառնա։ Պահքն ավարտվում է Հարության տոնով, երբ Քրիստոսը հաղթում է մահը։ Այս ամենը զուգահեռներ ունի հրեական Փեսախի հետ, որը խորհրդանշում է Ելքը Եգիպտոսից։ Այսինքն, Նոր Կտակարանը Հնի ապացույցն ու հաստատումն է։
