Զգուշացե՛ք, ալյումին
Քրտնքի հոտ․ ավելի տհաճ երևույթ, թերևս, չկա
Ամռանն այս խնդիրը սրվում է, և քրտնարտադրության դեմ պայքարում մարդիկ պատրաստ են ամեն ինչի, օգտագործում են մեծ քանակի դեզոդորանտներ և հոտազերծիչներ, որոնց գովազդը խոստանում է քրտնարտադրության հետևանքների վերացում։
Քրտնարտադրության դեմ պայքարի համար օգտագործվող խնամքի միջոցները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի.
1. դեզոդորանտ. չեզոքացնում է տհաճ հոտը, սակայն չի նվազեցնում քրտնարտադրությունը,
2. հոտազերծիչ. արգելափակում է քրտնարտադրությունը,
3. ֆորմալդեհիդի հիմքով պատրաստված դեղագործական միջոցներ` նախատեսված քրտնարտադրության ամբողջական արգելափակման համար (ցուցված է միայն հիպերհիդրոզի բուժման դեպքում)։
Շատերն անգամ չեն մտածում, որ առօրյա կյանքում օգտագործվող հոտազերծիչ–դեզոդորանտը կարող է խիստ վտանգավոր լինել հատկապես կանանց առողջության համար։
Այդ միջոցների մեծ մասի բաղադրությունն էկոլոգիական չէ և պարունակում է մի շարք վտանգավոր տարրեր։ Ամենահայտնի վնասակար բաղադրիչներից մեկն ալյումինն է, որի աղերը կուտակվում են օրգանիզմում և հանգեցնում մի շարք հիվանդությունների, որոնց թվում են Ալցհայմերի հիվանդությունը և ուռուցքային հիվանդությունները, մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղը։
Ալյումինի քլորիդը (aluminium chloride) և ալյումինի քլորհիդրատը (aluminium chlorohydrate) անգույն և անհոտ աղեր են, որոնք տասնյակ տարիներ կիրառվում են դեզոդորանտների մեծ մասում` որպես արդյունավետ և գործուն միջոց։
Մի քիչ տեսություն. ալյումինն ու դրա մուտքն օրգանիզմ
Ալյումինը բնության մեջ ամենատարածված մետաղներից է, նրան բաժին է ընկնում երկրակեղևի ողջ զանգվածի ավելի քան 8% –ը։ Ալյումինը թթվածնից և կրեմնիումից հետո տարածվածությամբ երրորդ քիմիական տարրն է մեր մոլորակում։ Հայտնի են ավելի քան 250 հանքանյութեր, որոնց բաղադրության մեջ կա ալյումին։ Այդ հանքանյութերից շատերը մարդիկ ակտիվորեն օգտագործում են իրենց գործունեության տարբեր ոլորտներում։
Ալյումինը դասվում է կենսականորեն կարևոր տարրերի շարքին, և մեծահասակների համար ալյումինի օրական պահանջը 35–49մգ է։ Սակայն մարդու օրական խառը սննդակարգում ալյումինի ընդհանուր պարունակությունն այսօր հասնում է 80մգ–ի։
Դեղագործական և սննդային արդյունաբերության ոլորտում ալյումինի մեծ քանակի օգտագործումն (սպասք, փաթեթավորման նյութեր, սննդային հավելումներ) այն սպեցիֆիկ աղբյուրներից է, որի միջոցով ալյումինը հայտնվում է մարդու օրգանիզմում։
Ալյումինն առկա է այն դեղամիջոցների բաղադրության մեջ, որոնք ունեն ցավազրկող, ներծծող և անտացիդ հատկություն։ Այս մետաղը կարող է օրգանիզմում հայտնվել խմելու ջրի, օդի, ինչպես նաև բուսական սննդի միջոցով։ Այսպես, մեծ քանակությամբ ալյումին կա ծաղկակաղամբում, գազարում, լոլիկում, ինչպես նաև վարսակափաթիլներում, բրնձի, ավոկադոյի, արտիճուկի, սավոյական կաղամբի, սմբուկի, գետնախնձորի, կիվիի, դեղձի, սպիտակ կաղամբի, լոբու, սպիտակաձավարի մեջ։ Ալյումինով օժտված է նաև ալյումինե տարայում թխվող հացը։
Թունավոր ալյումին կամ ամեն ինչ լավ է չափի մեջ
Չնայած իր տարածվածությանը, ալյումինը դասվում է թունավոր տարրերի շարքին։ Այսինքն՝ փոքր քանակությամբ ալյումինն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն դրա մեծ քանակությունը թունավորումէ։ Քանի որ այս մետաղն ամենուր է, դժվար է հասնել նրա դեֆիցիտին, իսկ ավելցուկին՝ հեշտությամբ։
Ահա միայն մի քանի օրինակ, թե ինչպես է ալյումինի միացությունների չափից մեծ կուտակումն ազդում մարդու օրգանիզմի վրա.
● խոսքի, հիշողության խանգարում, ցնցումներ, դեմենցիա,
● թոքերի և բրոնխների հիվանդություններ,
● խոչընդոտում է ֆոսֆորի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ինչպես նաև մի շարք այլ միկրոտարրերի և վիտամինների յուրացմանը,
● իմունային համակարգի թուլացում, ալերգիա, աուտոիմուն հիվանդությունների սրացում։
Ալյումինի չափից շատ կուտակումը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի և այնպիսի օրգանների վրա, ինչպիսիք են՝ երիկամները,, թոքերը, ոսկորները, ոսկրածուծը, ձվարանները, արգանդը և կաթնագեղձերը։ Այս մետաղը հանգեցնում է մարդու օրգանիզմի բիոքիմիական գործընթացների տարբեր խանգարումների՝ փոխելով էներգափոխանակությունը բջիջներում, որոնք կորցնում են նորմալ վերարտադրողական ունակությունը և սկսում են կիսվել քաոսային կերպով՝ առաջացնելով ուռուցքներ։
Ալյումինից թունավորման նկատմամբ նյարդային համակարգի ռեակցիան բավական տարբեր է։ Ալյումինի հետ են կապում այնպիսի ծանր հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են՝ Ալցհայմերի հիվանդությունը, կողային ամիոտրոֆիկ սկլերոզը, Փարքինսոնի հիվանդությունը։
Ալյումինը և հղիությունը
Կենդանիների հետ կատարված փորձարկումները ցույց են տալիս, որ ալյումինը ներթափանցում է ընկերքի միջոցով և կուտակվում է պտղի հյուսվածքներում`առաջացնելով զարգացման տարբեր խանգարումներ, այդ թվում՝ պտղի ներարգանդային մահ, արատներ, կմախքի դանդաղ ձևավորում, աճի հապաղում։
Հասուն օրգանիզմի համեմատ` պտուղը և նորածինն ավելի զգայուն են ալյումինի թունավոր ազդեցության նկատմամբ։ Ալյումինը հայտնաբերվել է կրծքի կաթում, ինչը վկայում է կրծքի կաթով սնվող նորածնի օրգանիզմ ալյումինի ներթափանցման հնարավորության մասին։ Ապացուցված է ալյումինի ակնհայտ բացասական ազդեցությունն անհաս նորածինների զարգացման վրա։
Թեև նորածինների կերակրման ժամանակ նրանց` ալյումինով թունավորվելու ռիսկը ցածր է (բացառությամբ երիկամային անբավարարություն ունեցող երեխաների), այնուամենայնիվ, հարկ է խուսափել նորածինների պարենտերալ (ներերակային) սնուցման համար ալյումին պարունակող լուծույթների օգտագործումից:
Պարզ կանոններ
Ահա դեզոդորանտների և հոտազերծիչների օգտագործման պարզ կանոններ, որոնք նվազեցնում են դրանց օգտագործման վտանգները.
* Դեզոդորանտները և հոտազերծիչները պետք է քսել միայն մաքուր չոր մաշկին:
* Պարտադիր պետք է մաքրել մարմինն այդ միջոցներից օրվա վերջում:
* Չի կարելի հոտազերծիչը քսել բորբոքված կամ սափրումից վնասված մաշկին:
* Սպորտային և ֆիզիկական վարժություններից առաջ դեզոդորանտ օգտագործելը չափազանց անցանկալի է, քանի որ դրանով խախտվում է օրգանիզմի ջերմակարգավորումը:
* Ավելի ցանկալի է ընտրել դեզոդորանտներ և հոտազերծիչներ պիտանելիության կարճ ժամկետով, քանի որ դրանք ավելի քիչ քիմիական նյութեր են պարունակում:
Այսօրվա դրությամբ մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա հակաքրտինքային միջոցներում առկա վնասակար նյութերի բացասական ազդեցության խնդիրն արդեն գլոբալ է դարձել: Բացի այդ, ամբողջ աշխարհի առաջատար գիտնականները և բժիշկները զբաղվում են դեզոդորանտների հակամանրէային անվտանգ բաղադրիչների ստացման հարցով:
Իսկ կա՞ այլընտրանք: Անվտանգ դեզոդորանտներ
Բնական դեզոդորանտներին անցնելը ձեր առողջության բարելավման կարևորագույն քայլն է: Հիշեք, որ բնական հոտազերծիչները հակաքրտինքային միջոցներ չեն: Դա նշանակում է, որ ձեր մարմինը քրտնելու է, սակայն որակյալ հոտազերծիչի կիրառման դեպքում տհաճ հոտ չի լինի: Քրտնարտադրությունը բնական գործընթաց է, որը պետք չէ խոչընդոտել:
Գոյություն ունեն տարբեր տեսակի և ձևերի բնական հոտազերծիչներ, ինչպիսիք են շբի հոտազերծիչները, սպիրտի և հակամանրէային եթերայուղերի հիմքով հոտազերծիչները, և փորձելու և սխալվելու միջոցով կարող եք ընտրել այն, որը հարմար է ձեզ: Համոզվեք, որ բնական հոտազերծիչի բաղադրության մեջ չկան արհեստական բուրավետիչներ, այլ բույր հաղորդելու համար օգտագործվում են բնական միջոցներ, օրինակ՝ եթերային յուղեր: Մի մոռացեք նաև համոզվել, որ ձեր ընտրած հոտազերծիչն ալյումին չի պարունակում:
Հոդվածի նախապատրաստման ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրներ։