Հիփոթեքային վարկավորումը Հայաստանում դանդաղ, բայց աճում է: Վերջին հինգ տարիների ընթացքում բանկերի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծավալներն աճել են 55 տոկոսով, իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 59 տոոսով: Երկրում մեծ ուշադրություն է դարձվում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, ինչի մասին վկայում են մի շարք հատուկ ծրագրերը, այդ թվում` սուբսիդավորման պետական ծրագրերը, ինչպես նաև նոր բարեփոխումներն ու կառավարության հրամանները այս ոլորտում:
Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալների աճին նպաստում է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման արդյունքում տոկոսադրույքների նվազումը: Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի վերջի տվյալների համաձայն, հիփոթեքային միջին տոկոսադրույքները դրամով կազմել են 11,8 տոկոս, դոլարով` 10,5 տոկոս, այն դեպքում, երբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տոկոսադրույքները կազմում էին 12,7% և 12,6%: Դրական միտում է նկատվում նաև դոլարային հիփոթեքի համեմատ դրամայինի ծավալների աճի ոլորտում, ինչին նպաստել են ազգային արժույթով հիփոթեքի խթանման պետական ծրագրերը: Այսպես, դրամով հիփոթեքի ծավալը կազմում է 96,7 մլրդ դրամ, իսկ դոլարով` 94,5 մլրդ:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկավորման ծավալը 2017 թվականի սեպտեմբերի վերջի տվյալներով կազմում էր 191,2 մլրդ դրամ, մեկ ամսում ապահովվելով 1,8 տոկոսի աճ, իսկ տարվա սկզբի տվյալներով` 4,1 տոկոսով:
