Դուք տոլմա չեք սիրու՞մ կամ չեք կարողանում պատրաստե՞լ
Ի՞նչ է տոլման
Տոլման բաղկացած է մսի և բրնձի խճողակից, որը փաթաթում են խաղողի տերևների մեջ։ Տոլման լայնորեն տարածված է Անդրկովկասի, Բալկանյան թերակղզու, Առաջավոր և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների խոհանոցում։ Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման սեփական տարբերակները։
Միջազգային պայքար տոլմայի «հեղինակի» համար
Թուրքերը և հույները հայտարարում են, որ տոլման ծագումով իրենց երկրներից է։ Ընդ որում տոլմայի համար մղվող պայքարում նրանք վկայակոչում են պատմական աղբյուրները։ Այդուհանդերձ, միջազգային, հեղինակավոր աղբյուրների մեծամասնությունը համարում է, որ տոլման հայկական ազգային խոհանոցի ճաշատեսակ է։
Մասնավորապես, Օքսֆորդի համալսարանի սննդի մասին տեղեկատուում նշվում է, որ տոլման հայկական ճաշատեսակ է, որն ավելի ուշ փոխ են առել թուրքերը։ Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Վիլյամ Պոխլյոբկինը ևս այն կարծիքին է, որ տոլման ծագումով հայկական ճաշատեսակ է։ Քանի որ տոլմայի ծագման ժամակաշրջանում Հայաստանը բաժանված է եղել Թուրքիայի և Պարսկաստանի միջև, բազմաթիվ հայկական ճաշատեսակներ Եվրոպայում հայտնի են դարձել թուրքերի միջոցով` իբր թուրքական խոհանոցի կերակրատեսակներ։
Ադրբեջանում տոլման ազգային խոհանոցի անբաժանելի մասն է, իսկ Ադրբեջանի ազգային խոհարարական կենտրոնը մեղադրում է Հայաստանին այդ ազգային ճաշատեսակը «յուրացնելու» մեջ։
Հրաշք–բաղադրատոմս
Գոյություն ունեն հայկական ամենասիրված ճաշատեսակներից մեկի` տոլմայի պատրաստման բազմաթիվ տարբերակներ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է հայ փորձառու տնային տնտեսուհիների ներկայացրած տասնյակ բաղադրատոմսերն ու Ձեր ուշադրությանն է ներկայացնում դրանցից մեկի բաղադրիչները.
Խաղողի տերևներ – 0,5 կգ
Տավարի միս – 1 կգ
Գլուխ սոխ – 2 հատ
Բրինձ – 1 բաժակ
Սերուցքային կարագ – 100 գրամ
Եռացրած, գոլ ջուր – 1 բաժակ
Մի փոքր ծիտրոն, ռեհան, համեմ (կարելի է օգտագործել նաև չորացրած կանաչեղեն)
Մի պտղունց կարմիր բիբար
Մի պտղունց սև բիբար
Ճաշակին ընկեր չկա…
Նախապես իմանալով գուրմանների փաստարկներն այն մասին, թե չարժե խճողակը պատրաստել միայն մեկ մսատեսակից` տավարի մսից` «Նովոստի-Արմենիա»-ն առաջարկում է խառնել` ոչխարի միս սիրողները կարող են օգտագործել այդ մսատեսակը` նախընտրությունը տալով ոչ շատ ճարպոտ կտորներին: Իսկ ահա նրանք, ովքեր նախընտրում են խոզի միս, կարող են օգտագործել հավասար չափաբաժինների խոզի և տավարի միս: Բնականաբար, կարագ ավելացնել արդեն պետք չէ:
Տոլման նուրբ գործ է
Հայաստանում տոլմայի պատրաստումը մի ամբողջ արարողակարգ է: Վաղուց ի վեր հռչակավոր էին այն տանտիրուհիները, ովքեր կարողանում էին արագ մի կաթսա տոլմա փաթաթել: Ընդ որում` դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ խճողակը խաղողի նուրբ տերևների մեջ տեղավորելը հմտություն է պահանջում, որ եփման ընթացքում տերևները չվնասվեն և խճողակը դուրս չթափվի արգանակի մեջ: Բայց «կանաչ փողիկը» շատ ձիգ էլ չի կարելի փաթաթել, որ դրա պարունակությունը կարողանա շնչել: Հատկապես հարգանք էին վայելում այն վարպետ-տանտիրուհիները, որոնց փաթաթած տոլմաները նույն չափի էին` ձեռքի ճկույթից ոչ հաստ:
Անցնենք գործի
Աղալ միսն ու սոխը, ավելացնել բրինձը (նախապես թրջել կամ խաշել պետք չէ): Կանաչի, պղպեղ և աղ` ըստ ճաշակի: Խառնել: Խճողակի կենտրոնում փոսիկ բացել, կարագ դնել, մեկ բաժակ ջուր լցնել: Շարունակել խառնել: Ստացված խճողակը փաթաթել խաղողի տերևների մեջ, ընդ որում` դրանք կարող են լինել և թարմ, և պահածոյացված: Կաթսայում դասավորել շատ կիպ: Այնքան ջուր լցնել, որ ծածկի տոլման: Վրան ափսե դնել:
Առանց սոուսի՞
Մատուցելուց առաջ տոլմայի վրա կարելի է թարմ կտրատած կանաչի լցնել: Սովորաբար տոլման ուտում են սխտորով (կամ առանց դրա) մածունով, երբեմն` տոմատի մածուկով:
Հայկական տոլման ռեկորդներ է սահմանում
Ինչպես ասում էր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոս Ռուբիկը, ում հիանալի մարմնավորել է Ֆրունզիկ Մկրտչյանը, Կիկաբիձեի հերոսին` «У вас не умеют готовить толма!»:
Ահա այսպես, Հայսստանում ոչ միայն սիրում են և գիտեն տոլմա պատրաստել, այլ նաև այդ ուտեստին նվիրված փառատոն են անցկացնում: Այդ օրը գուրմանների դատին է ներկայացվում շուրջ հարյուր տեսակի տոլմա: Իսկ «Ուդուլի» ամենամյա հինգերորդ փառատոնի մասնակիցները համաշխարհային ռեկորդ սահմանեցին 2015 թվականի մայիսի 16-ին` 10-մետրանոց տոլմա պատրաստելով: