Սեփական ֆինանսների կառավարման հարմար գործիք
Վարկային քարտերը փոխառության տեսակներից են։ Ոմանց համար նման քարտերը լավ այլընտրանք են վարկին, մյուսների համար՝ վճարման սովորական միջոց։ Բայց կան մարդիկ, որոնց մոտ վարկային քարտը միայն տհաճ զգացողություններ է առաջացնում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում վարկային քարտը
Վարկային քարտը փոխառության տեսակներից է, որի վրա արդեն կան բանկային միջոցներ։ Եթե դուք վարկային քարտի սեփականատեր եք, կարող եք այդ փողերը տնօրինել սեփական նպատակներով, բայց հետո պարտավոր եք դրանք վերադարձնել բանկին։ Վարկային քարտի հիմնական «պարամետրերն են» վարկային սահմանաչափը, անտոկոս (արտոնյալ/գրեյս) ժամանակահատվածը, նվազագույն վճարը։
Վարկային սահմանաչափը ձեզ հասանելի առավելագույն գումարն է։ Դրա չափը սահմանում է բանկը կոնկրետ հաճախորդի համար՝ կախված նրա վճարունակությունից, ամսական եկամուտներից, վարկային պատմությունից և այլ գործոններից։ Որքան շատ է ընկերությունը ձեզ վստահում, այնքան բարձր է միջոցների սահմանաչափը։
Բանկը կարող է ավելացնել կամ նվազեցնել առավելագույն հասանելի գումարը՝ կախված նրանից, թե ինչպես եք այն տնօրինելու։

Այդ քաղցր բառը՝ «գրեյս»
Վարկային քարտի համար հաճախորդին տրամադրվում է արտոնյալ (կամ գրեյս) ժամանակահատված, որի ընթացքում կարելի է պարտքը վերադարձնել առանց տոկոսների։ Այդ ժամանակահատվածի տևողությունը տարբեր բանկերի մոտ տարբեր է (15–55 օր) և կախված է քարտի պայմաններից։
Կարևոր է իմանալ, թե ինչպես է դա աշխատում։ Կա երկու հիմնական սխեմա․
– Բանկն ամեն ամիս քաղվածք է ուղարկում ձեր ծախսերի մասին։ Քաղվածքը ստանալուց հետո դուք ունեք որոշ ժամանակ մինչև արտոնյալ ժամկետի ավարտը, որպեսզի մարեք պարտքն առանց տոկոսի։ Գրեյս ժամանակահատվածը սկսվում է բանկային քաղվածքը ստանալու հաջորդ օրը։ Օրինակ, եթե գրեյս ժամանակահատվածը 45 օր է, 30 օր ծախսում եք և ևս 15 օրվա ընթացքում կարող եք վերադարձնել գումարը։ Ընդ որում, քաղվածք ստանալու հաջորդ օրը կսկսվի նոր արտոնյալ ժամանակահատված, և այդ պահից սկսած բոլոր ծախսերը կարտացոլվեն հաջորդ քաղվածքում։ Օրինակ, գրեյս ժամանակահատվածը տևում է հոկտեմբերի 10–ից մինչև նոյեմբերի 24–ը։ Քաղվածքը ստանում եք նոյեմբերի 9–ին, ծախսում նոյեմբերի 8–ին, մարման համար կմնա 15 օր, ծախսում եք նոյեմբերի 10–ին, այսինքն քաղվածքը ստանալուց հետո, դուք կրկին ունենում եք 45 օր մարման համար։
– Գրեյս ժամանակահատվածը մեկնարկում է առաջին ծախսի պահից, և քանի դեռ այն գործում է, պետք է վերադարձնել ողջ գումարը։ Միաժամանակ պարտադիր չէ սպասել ժամկետի ավարտին։ Պարտքի մարումից անմիջապես հետո կսկսվի նոր արտոնյալ ժամանակահատված։ Օրինակ, առաջին գնման ամսաթիվը նոյեմբերի 10–ն է, գրեյս ժամանակահատվածը 55 օր է (հունվարի 3)։ Պարտքը մարել եք դեկտեմբերի 5–ին, արտոնյալ ժամկետը զրոյանում է, իսկ դեկտեմբերի 6–ին սկսվում է նորը։ Դուք կրկին ունենում եք 55 օր ծախսերի և մարման համար։
Առաջին տարբերակն ավելի հարմար է ամենօրյա ծախսերի համար, երկրորդը՝ մեկանգամյա, ավելի խոշոր գնումների համար։

Նվազագույն վճար
Նվազագույն վճարն այն գումարն է, որը պարտադիր պետք է վճարել արտոնյալ ժամկետի ընթացքում՝ ուշացումից խուսափելու համար։ Այն յուրաքանչյուր հաճախորդի համար հաշվարկվում է անհատական։
Վարկային քարտերի առավելությունը
– Հասանելի գումար․ հաշվեհամարում կան միջոցներ, որոնք կարելի է ծախսել փոքր, ամենօրյա գնումների և անկանխատեսելի ծախսերի դեպքում։
– Անվճար օգտագործում․ ինչպես արդեն նշեցինք, արտոնյալ ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռում չվճարել տոկոսներ գումարը ժամանակին վերադարձնելու դեպքում։
– Ձևակերպման պարզ գործընթաց․ պետք չեն երաշխավորներ և գրավ, մշտական հաճախորդներից հաճախ չեն պահանջում նույնիսկ եկամտի և զբաղվածության հաստատում։
– Բոնուսներ․ վարկային քարտով վճարելիս հաճախորդը բանկից ստանում է քեշբեք, այսինքն՝ ծախսած միջոցների մի մասի վերադարձ, ինչպես նաև զեղչեր և արտոնություններ գործընկեր ընկերությունների կողմից։
– Գումար աշխատելու հնարավորություն․ բանկային պրոդուկտները գրագետ համատեղելու դեպքում դուք կստանաք տոկոսներ։ Այսպես, կարելի է վճարել վարկային քարտով՝ ստանալով քեշբեք, գումարը պահել քարտի վրա՝ մնացորդի տոկոսներով, իսկ հետո կանխիկացնել այն՝ պարտքը ժամանակին մարելու համար։ Սխեման իրագործել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ունեն հստակ պլան և ճիշտ ֆինանսական սովորություններ։

Թերություններ
– Բարձր տոկոսադրույք։ Ժամանակին պարտքը չմարելու դեպքում քարտը դառնում է ամենաանշահավետ վարկը։ Եթե չկա ողջ գումարը վերադարձնելու հնարավորություն, պետք է վճարել գոնե նվազագույնը։ Հակառակ դեպքում կլինի ուշացում, կավելանան տոկոսներ, տուգանքներ և խնդիրներ՝ ընդհուպ մինչև արգելափակում։
– Վճարովի գործարքներ․ քարտով որոշ գործարքների համար արտոնյալ ժամկետը չի գործում։ Սահմանափակումները կախված են սակագնից։ Օրինակ, չի կարելի առանց տոկոսի կատարել կանխիկացում, փոխանցում կամ վճարել որոշ ծառայությունների համար։
– Միշտ չէ, որ հարմար է խոշոր գնումների համար համեմատաբար փոքր նվազագույն գումարի պատճառով։
– Ծախսերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ռիսկ

Վարկային քարտը կդառնա հարմար գործիք, եթե դուք․
– պատասխանատու եք վերաբերվում պարտքի մարմանը, հետևում եք ժամանակացույցին, միշտ ժամանակին կատարում եք վճարումները
– կարողանում եք համատեղել տարբեր բանկային պրոդուկտներ
– գիտակցում եք նպատակներն ու ցանկալի պայմանները (ստանալ քեշբեք, զեղչով գնել ավիատոմսեր, ունենալ ֆինանսական ապահովագրություն և այլն)։ Այսպես դուք կարող եք ընտրել հարմար առաջարկ։

