Միրզոյանի խոսքով, ջուրը մարդու օրգանիզմի հիմնական քիմիական կոմպոնենտն է։ Քաշի 50-70%-ը կազմված է ջրից։ Այն արյան պլազմայի հիմքն է, ինչպես նաև մասնակցում է ջերմակարգավորման և նյութափոխանակության բոլոր գործընթացներին։ Ջրի օրական պահանջը կանանց համար 2.7 լիտր է, իսկ տղամարդկանց համար՝ 3.7 լիտր։ Սա վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակին, որի մեջ մտնում է ինչպես սովորական ջուրը, այնպես էլ մյուս հեղուկ մթերքներից ստացվող ջրի քանակությունը։
Այս թվերը կախված են օրգանիզմի հեղուկի կորստի քանակից` թոքերով, մեզի միջոցով, քրտինքի միջոցով և այլն։ Տղամարդկանց մարմնի ընդհանուր մակերեսը և մկանային զանգվածն ավելի մեծ է, այդ պատճառով էլ հեղուկի կորուստը ևս շատ է: Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: Ուստի, երբ մարդն իր օրգանիզմից ջուր է կորցնում, արյան պլազմայում գտնվող նյութերը դառնում են չափազանց կենտրոնացված, և օրգանիզմը սկսում է ջրի պակաս զգալ: