Ինչպես ողջ մնալ անհավանական ջերմաստիճանային ռեկորդի դեպքում

Ամռան տաք «շունչը»

Հայաստանում ձևավորվել է հունիսի համար աննախադեպ ջերմային ֆոն, ինչի մասին չի դադարում կրկնել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Հունիսի հենց առաջին իսկ օրերից գրանցված շոգ եղանակի պատճառով հարկավոր է պահպանել հատուկ ռեժիմ, որը կօգնի ավելի հեշտ դիմակայել «անխիղճ» տապին և չկորցնել ինքնատիրապետումն` ամեն անգալ տեսնելով, թե ինչպես է սնդիկն անընդհատ վեր բարձրանում։

Гагик Суренян

Ինչու՞ է կարևոր խմել մեծ քանակությամբ ջուր

Օրգանիզմին թեթևություն հաղորդելու համար հայ փորձագետները խորհուրդ են տալիս խմել մաքուր ջուր։ Պետք է սկսել քչից. ամեն առավոտ արթնանալիս պետք է առաջին հերթին խմել մեկ բաժակ ջուր։ Այդ կերպ օրգանիզմը սկսում է արթնանալ։ 

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում խմել գոնե մի քանի բաժակ ջուր` ջրի ընդհանուր քանակն աստիճանաբար հասցնելով 1,5 լիտրի։ Նա նաև խորհուրդ է տալիս ջուրը խմել ուտելուց մեկ ժամ առաջ և հետո։ 

«Անհրաժեշտ է հաճախ խմել հենց մաքուր ջուր, առանց քաղցրացուցիչների և բուրավետիչների, քանի որ հենց մաքուր ջուրն է դրական ազդում օրգանիզմում ընթացող պրոցեսների վրա։ Գազավորված և այլ ըմպելիքները պարունակում են մեծ քանակի կալորիաներ, որոնք «ծանրացնում են» օրգանիզմը։ Հարկավոր է ձեռնպահ մնալ նաև սուրճից», – նշում է դիետոլոգը։ 

Ծերերին և երեխաներին խորհուրդ չի տրվում խմել սառույցով ջուր կամ սառցախցիկում պահված ջուր։

погода, жара, голубь

Ինչպիսի՞ն պետք է լինի ամառային սննդակարգը

Հարկավոր է նվազեցնել սուր, յուղոտ սննդի օգտագործումը, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն։ Դա խորհուրդ է տալիս ոչ միայն Առողջապահության նախարարությունը, այլև դիետոլոգները։ Միաժամանակ խորհուր է տրվում շոգ եղանակին ձեռնպահ մնալ արագ փչացող սննդամթերքի օգտագործումից, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերն ու չգնել մթերք կամ ըմպելիք այն վայրերից, որտեղ չեն պահպանվում անվտանգության նորմերը։ 

Ծնողներին խորհուրդ է տրվում շոգ եղանակին խստորեն վերահսկել երեխաների սննդակարգն ու թույլ չտալ, որպեսզի երեխաներն օգտագործեն կասկածելի թարմության սննդամթերք։ Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս նաև գնել փափուկ պաղպաղակ, կրեմով պատրաստված հրուշակեղեն, ձկնամթերք կամ մսամթերք։ Պետք է զգույշ լինել նաև քաղաքից դուրս գնալիս։ 

Կանխարգելիչ նպատակներով, օրգանիզմում խախտված թթվահիմնային բալանսը վերականգնելու համար, ինչպես նաև թունավորման որոշ դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս խմել թան։

салат, еда, пища, вегетарианство

Կառույգացնի՞ քնի ճիշտ ռեժիմը

Օրվա և գիշերվա տևողության փոփոխության հետևանքով խախտվում է քնի սովորական ռիթմը, ինչը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա և կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների։ Բժիշկները խորհուրդ են տալիս քնել առնվազն 7 ժամ` անկախ հանգամանքներից։ 

Կարևոր չէ, թե որ ժամին եք պառկում քնելու, փորձեք արթնանալ նույն ժամին, անգամ հանգստյան օրերին։ Ժամանակի ընթացքում նման սովորությունը կօգնի ձևավորել քնի ճիշտ ցիկլ և կկարգավորի մելատոնին հորմոնի առաջացումը, որը պատասխանատու է առողջ քնի համար։ 

Խորհուրդ է տրվում, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ քնեն կամ գոնե պառկեն օրվա ամենաշոգ ժամերին, քանի որ պառկած դիրքում արյան շրջանառությունն ու ջերմային բալանսը մնում են կայուն։

сон

Իսկ հագու՞ստը

Շոգ եղանակին պետք է նախապատվություն տալ բնական կտորներին` բամբակ, մետաքս, վուշ և շիֆոն։ Արևի ճառագայթներից շատ լավ պաշտպանում է բամբակե տրիկոտաժը։ Թեթև տրիկոտաժե հագուստի բալանսավորված ջերմափոխանակումը կարող է երաշխավորել հարմարավետություն ցերեկային բարձր ջերմաստիճանի և երեկոյան զով եղանակի դեպքում։

девушка платье сарафан лето жара пляж берег.jpg

Դեզոդորա՞նտ, թե՞ անտիպերսպիրանտ

Շոգ եղանակին կարևոր է նաև դեզոդորների և անտիպերսպիրանտների ճիշտ օգտագործումը, որոնք վերահսկում են քրտնարտադրությունն ու կանխում տհաճ հոտի առաջացումը։ Դեզոդոր կամ անտիպերսպիրանտ ընտրելիս պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները։ Պետք չէ մոռանալ, որ դեզոդորն, ի տարբերություն անտիպերսպիրանտի, պայքարում է ոչ թե քրտնարտադրության, այլ քրտնքի հոտի դեմ։ 

Կարևորն այն է, որ դեզոդորանտն ու անտիպերսպիրանտը չառաջացնեն ալերգիկ ռեակցիա։ Եթե մաշկը դառնում է չոր, գրգռված, առաջանում է քոր, այտուց, ապա այդ դեզոդորանտը ձեզ հարմար չէ։ Բացի այդ, պետք չէ օգտագործել անտիպերսպիրանտ լողափ, բաղնիք, շոգեբաղնիք գնալիս կամ սպորտով զբաղվելիս։ Նման պայմաններում մարդը պետք է քրտնի, հակառակ դեպքում կառաջանա այտուց։ Նման իրավիճակում ավելի նպատակահարմար է օգտագործել դեզոդորանտ։

дезодорант антиперсперант.jpg

Ի՞նչ չի կարելի անել շոգ եղանակին

Շոգ եղանակին չպետք է թույլ տալ ջերմաստիճանային ռեժիմի կտրուկ փոփոխություն, որը կարող է հանգեցնել անոթների կծկման, որն էլ իր հերթին հանգեցնում է տարբեր տեսակի խախտումների։ Անոթների կծկում հնարավոր է նաև այն ժամանակ, երբ մարդը երկար ժամանակ գտնվել է տոթ սենյակում և պարզապես որոշել է սառույցի կտորը քսել մաշկի տարբեր հատվածներին։ 

Կտրականապես արգելվում է միանգամից մտնել սառը ջրի մեջ։ Հատկապես դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սիրում են արևայրուկ ընդունել վառ արևի տակ և նրանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և սրտի հետ կապված խնդիրներ։ Կարելի է ջուր մտնել միայն նախօրոք հովանալուց հետո։ Օրինակ, կարելի է նախօրոք մաքրել մարմինը թաց սրբիչով, ջրով թրջել ոտքերը, ուսերն ու արմունկները։ 

Արգելվում է գտնվել փակ կամ վատ օդափոխվող վայրերում։ Օդափոխիչ օգտագործելիս չի կարելի տեղադրել այն այնպես, որ օդի հոսքն ուղղված լինի անմիջապես մարդու վրա։ 

Եվ իհարկե պետք է ժամը 12։00–ից մինչև 17։00–ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Պետք է թույլ չտալ, որպեսզի երեխաներն այդ ժամին գտնվեն փողոցում, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը շատ բարձր է, ինչը չափազանց վտանգավոր է առողջության համար։ Սակայն եթե դուք, այնուամենայնիվ, ստիպված եք այդ ժամին դուրս գալ փողոց, ապա մի մոռացեք վերցնել գլխարկ, արևային ակնոց և հովանոց։

бассейн, отдых, расслабление