Ի՞նչ է խաշը, և ինչպե՞ս են այն ուտում
Ավանդույթներ
Հայաստանում խաշը տավարի ոսկորներից և փորից պատրաստված պարզապես հագեցնող արգանակ չէ։ Դա ծիսակարգ է կազմակերպիչների և մասնակիցների համար: Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Կերակրատեսակի անվանումը ծագում է «խաշել» բառից:
Հնում խաշը համարվում էր աղքատների կերակուր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում էի այն, ինչ մնում էր ծիսական մատաղից կամ մսի վաճառքից:
Ե՞րբ է պետք խաշ ուտել
Խաշի սեզոնը Հայաստանում բացվում է ուշ աշնանը` առաջին ցուրտ օրերի ժամանակ և շարունակվում է մինչև տաք օրեր: Այնպես որ այս տարվա ցրտաշունչ ձմեռը ավելի հաճախ խաշ ուտելու հիանալի առիթ է:
Ճիշտ է, խաշի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման գործընթացը բավական երկարատև է և աշխատատար, սակայն արդյունքը արժանի է դրան: Իրենց հարգող «խաշակերները» հավաքվում են սեղանի շուրջ վաղ առավոտյան: Եվ դա պատահական չէ: Խաշը շատ հագեցնող կերակրատեսակ է, որը կարող է էներգիա ապահովել ողջ օրվա համար:
Ինչպե՞ս պատրաստել խաշը
Հուսանք, որ Ձեզ մոտ իսկապես խաշի ախորժակ «բացվեց», այնպես որ անցնում ենք գործնական մասին։ Խաշը պատրաստելու համար հարկավոր են տավարի տոտիկներ, ցանկության դեպքում` նաև կենդանու փորոտիքը։
Ավելի վաղ տոտիկները մշակելու համար պահանջվում էր մի քանի օր, դրանք պետք էր մի լավ խանձել, մաքրել, մի քանի օր պահել սառը ջրում։ Այսօր կարելի է գնել տոտիկներ, որոնք գրեթե պատրաստ են եփելու համար։ Չնայած կան տնային տնտեսուհիներ, որոնք տոտիկները մի քանի օր պահում են ջրում` մի քանի անգամ փոխելով ջուրը։ Նույն պետք է անել նաև փորի հետ։ Այն առանձին խաշում են մոտ 3 ժամ, արգանակը թափում են։ Այնուհետև խաշի բոլոր բաղադրիչները դնում են մի մեծ կաթսայի մեջ և վրան ջուր լցնում։ Այս ամենը եփում են մինչև մսի փափկելը։
Must do for խաշ
«Խաշակերությունն» ունի մի քանի օրենքներ, որոնք սրբորեն պահպանվում են։ Սեղանի վրա անպայման պետք է լինեն սառը օղի, աղբյուրի կամ հանքային ջուր, բողկ, թթու, ծիծակ, չոր լավաշ, որը բավականին մեծ քանակությամբ ավելացնում են խաշի մեջ, մանրացված սխտոր, կանաչեղեն, պանիր և իհարկե աղ։ Պետք է նաև նշել, որ եփելու ընթացքում խաշի մեջ աղ չեն ավելացնում, այն ավելացնում են ուտելու ժամանակ։ Քանի որ խաշը ձեռքով են ուտում, սեղանի շուրջ յուրաքանչյուրի մոտ դրվում է թաց անձեռոցիկ։
Պարտադիր կենացներ խաշ ուտելիս
Կա երեք կենաց, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել խաշ ուտելու ծիսակարգը Հայաստանում։ Առաջինը` «Բարով տեսանք», երկրորդը` «Խաշը պատրաստողների կենացը», երրորդը` «Խաշ ուտողների կենացը»։ Այնուհետև գալիս է «կենացների ազատ ծրագիրը», յուրաքանչյուրը կարող է բաժակաճառ ասել։ Ինչպես ընդունված է Կովկասում, խմում են ներկաների, երեխաների և ծնողների առողջության, հաջողության կենացը և այլն։ Սակայն այստեղ ևս անխախտ մի կանոն կա։ Խաշի ժամանակ ասված կենացները պետք է կարճ լինեն, քանի որ խաշը պետք է տաք ուտել։