Դեղատուն դեղատոմսով. Հայաստանը կսահմանափակի առանց դեղատոմսերի դեղերի վաճառքը

Դեղագործությունը` վերահսկողության տակ

Հայաստանում մարտի 1-ից կներդրվեն նոր սահմանափակումներ դեղատներից դեղամիջոցներ գնելու հարցում: Ցավազրկող, հակաբիոտիկներ ու հորմոնալ դեղամիջոցներ գնելու համար այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել դեղատոմս: ՀՀ առողջապահության նախարարությունից նշել են, թե ինչի՞ համար է հարկավոր ներդնել նման սահմանափակումներ, և ինչպե՞ս դա կանդրադառնա հասարակ քաղաքացիների վրա։

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի նոյեմբերի 9-ին որոշում է ընդունել «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին», ըստ որի երկրում դեղամիջոցների մեծ մասը կվաճառվի միայն դեղատոմսով: Դեղամիջոցները դեղատոմսերով վաճառելու պահանջը գործում էր նաև նախկինում, սակայն այն ոչ միշտ էր հստակ իրականացվում, քանի որ նախատեսված չէին վերահսկման մեխանիզմներ:

Аптека лекарства

Բուժու՞մ ենք, թե՞ փչացնում

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների, այսօր հայաստանցիները հաճախ զբաղվում են ինքնաբուժմամբ, ինքնուրույն իրենց նշանակում են այս կամ այն դեղը, այն դեպքում, երբ դեղամիջոցը, չափաբաժինն ու ընդունման հաճախականությունը պետք է որոշի բժիշկը: ԱՆ–ում հասկանում են, որ դեղատոմս ստանալու համար պոլիկլինիկաների բժիշկներին պարտադիր դիմելը կհանգեցնի գրանցված խրոնիկ հիվանդների կտրուկ աճին: Սակայն մյուս կողմից դա թույլ կտա ճիշտ բուժում նշանակել, այլ ոչ թե վերացնել հիվանդության ախտանիշները:

Դեղատոմսն առաջին հերթին անհրաժեշտ է հենց հիվանդներին, քանի որ այդ դեղատոմսը երաշխավորում է, որ բոլոր նշանակումները ճիշտ են արված, նախատեսված է անհրաժեշտ դեղաքանակը, դեղի ընդունման հաճախականությունն ու տևողությունը։

Ինչպես նշում են Առողջապահության նախարարորւթյունից, նման վիճակը ձեռնտու է նաև դեղատներին, քանի որ դեղատների աշխատակիցներն այլևս պատասխանատվություն չեն կրի վաճառված դեղամիջոցի համար: Բանն այն է, որ այսօր հայաստանցիների մեծ մասն իրենց ախտանիշներով դիմում են ոչ թե բժիշկներին, այլ հենց դեղատների աշխատակիցներին, ովքեր, ռիսկի դիմելով, առաջարկում են այս կամ այն դեղամիջոցը:

Аптека лекарства

Ո՞ր դեղամիջոցները կվաճառվեն դեղատոմսով

Հայաստանում գրանցված 4700 անուն դեղորայքից 2700–ը կվաճառվի դեղատոմսով, ընդ որում սահմանափակումները կներդրվեն փուլ առ փուլ: Մարտի 1-ից դեղատոմսերով կվաճառվեն հակաբիոտիկները, հորմոնալ ու կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի ներարկումային ու օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղամիջոցները, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։

Аптека лекарства

Իսկ ինչպիսի՞ տեսք կունենա դեղատոմսը

Այսուհետ բժիշկները կկարողանան դուրս գրել դեղատոմս միայն հատուկ նմուշի բլանկի վրա, որի վրա կնշվի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ինչպես հիվանդի ու բժշկի, այնպես էլ դեղամիջոցի մասին: Բժիշկն այլևս չի կարողա կոնկրետ դեղամիջոց դուրս գրել, նա կկարողանա դեղատոմսում նշել միայն ակտիվ (քիմիական) նյութը, որն անհրաժեշտ է բուժման համար:

Դա նշանակում է, որ դեղատանը հիվանդին կառաջարկեն այդ նյութը պարունակող տարբեր դեղամիջոցներ: Ընդ որում դեղատան աշխատակիցը չի կարողանա պարտադրել այս կամ այն դեղամիջոցը, նա միայն կառաջարկի դեղատանն այդ նյութով առկա դեղամիջոցները` գնային տարբեր կատեգորիաներում, ինչպես նաև կնշի դեղերի կողմնակի ազդեցությունները։

Խրոնիկ հիվանդների կամ երկարատև բուժում պահանջող հիվանդությունների դեպքում կնախատեսվեն բազմակի օգտագործման հատուկ դեղատոմսեր, որոնցով 1–6 ամսվա ընթացքում հիվանդը կկարողանա գնել դեղորայք` կրկնակի չդիմելով բժշկի։ Ընդ որում, պարտադիր չէ գնել բոլոր դեղամիջոցները մեկ դեղատնից:

Аптека, лекарство, таблетки

Ու՞ր վազել գիշերը հանկարծակի առաջացած սուր ցավի դեպքում

Եթե խրոնիկ հիվանդությունների ու նշանակումների հետ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է, ապա ի՞նչ անել, եթե գիշերվա կեսին դուք ունեք ուժեղ ատամնացավ կամ գլխացավ կամ սիրտն է ցավում: Այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես խորհրուրդ է տալիս ոչ թե վազել դեղատուն` կոնսուլտացիա ստանալու, այլ դիմել հիվանդանոցի բժշկին, ով աշխատում է շուրջօրյա։

Եթե դա կրծքավանդակի ցավ է, ապա անհրաժեշտ է կանչել «Շտապ օգնություն», մյուս դեպքերում նույնպես պետք չէ արհամարհել մասնագետների օգնությունը: Բժիշկները նշում են, որ ցանկացած ցավ` լինի դա ատամնացավ կամ գլխացավ, վկայում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ ձեր օրգանիզմում:

Այս դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառը` կարող է ձեր ատամը փչացել է և անհրաժեշտ է պլոմբել կամ, միգուցե, բարձրացել է ճնշումը ու այդ դեպքում ինքնաբուժումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

аптека, лекарства, медицина

Դեղատոմս կա, իսկ փող չկա

Հայ հասարակության շրջանում ևս մեկ խնդիր է դեղամիջոցը հատով ձեռք բերելը: Բանն այն է, որ Հայաստանում ոչ բոլորն են կարողանում գնել դեղատոմսում նշված դեղամիջոցի ամբողջ տուփը, և նրանք նախընտրում են հատով գնել այն: Այս դեպքում ի՞նչ անել արդեն դուրս գրված դեղատոմսը։ ՀՀ առողջապահության նախարարությունում նշում են, որ խրոնիկ հիվանդությունների դեպքում ամեն մի դեղատոմսով կարելի է ավելի քիչ դեղորայք գնել, սակայն այս դեպքում հետո անհրաժեշտություն է առաջանալու ստանալ նոր դեղատոմս: Ինչ վերաբերում է դեղորայքի հատով վաճառքին, ապա դեղատներում դրանք հնարավոր կլինի գնել, միայն եթե դրանք տրամադրվեն հերմետիկ և պլաստիկ փաթեթավորմամբ, որի վրա նշված կլինեն դեղագործի ու հիվանդի անունները, պիտանելիության ժամկետը։

Аптека лекарства

Առցանց դեղատոմս

Շուտով հնարավոր կդառնա դեղատոմս ստանալ` դուրս չգալով տնից կամ աշխատավայրից: Հայաստանում փուլ առ փուլ ներդրվում է առողջապաահության էլեկտրոնային համակարգը, որն այլ գարծառույթների հետ մեկտեղ կնախատեսի առցանց դեղատոմս ստանալու հնարավորություն:

Սակայն այդ դեղատոմսը գործում է միայն այն դեպքում, երբ հիվանդն արդեն դիմել է բժշկի, ստացել է դեղատոմսը, և հիմա այդ նշանակումները կամ երկարացնում են կամ այդ դեղամիջոցը նախատեսված է ինչ-որ խրոնիկ հիվանդություն բուժելու համար: Էլեկտրոնային համակարգը, որը նախատեսվում է վերջնական ներառել մինչև 2018 թվականի վերջը, թույլ կտա ավելի արագ ու արդյունավետ գնել դեղամիջոցներ:

Քաղաքացիներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա դեղատուն գնալ թղթե դեղատոմսերով: Բժիշկը կկարողանա առցանց դեղատոմս դուրս գրել, իսկ դեղամիջոցներ գնելու համար բավական կլինի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

лекарства, лекарство, таблетки, медицина