«Ամպային տեխնոլոգիաների» օգտագործումն ունի մի շարք էական առավելություններ: Մասնավորապես, ստարտափերին շատ ձեռնտու է օգտագործել «ամպային» սերվերները: Նրանք ստիպված չեն լինի գնել սեփական սերվերային սարքավորումները, գումար ծախսել լոկալ ցանցերի տեղակայման վրա, վարձել ցանցի ադմինիստրատորներ։
Բավական է պարզապես ընտրել ամպային սերվերներից մեկը, որն իդեալական հարմար է հիշողության ծավալով, հաճախորդների թվով և այլ բնութագրերով, և ամիսը մեկ անգամ բաժանորդագրավճար վճարել:
Բացի այդ, բոլոր հաշվողական օպերացիաները կատարվում են ոչ թե ձեր համակարգչի վրա, այլ ցանցի հզոր սերվերներում, իսկ դա նշանակում է, որ կարելի է օգտագործել ապարատային և ծրագրային միջոցներ, գործիքներ և մեթոդաբանություններ, որոնք հասանելի չեն ձեր համակարգչի տեխնիկական բնութագրերի համար:
Միաժամանակ, պետք չէ մտահոգվել սեփական անհատական համակարգչի արտադրողականության, սկավառակի ազատ ծավալի, բեքափերի և մի համակարգչից մյուսը տեղեկությունը տեղափոխելու մասին: Այդ և այլ հարցերն ինքնըստինքյան վերանում են «ամպային տեխնոլոգիաների» օգտագործման դեպքում:
Ոչ պակաս կարևոր առավելությունների թվում հարկ է նշել նաև խնայողությունն արտոնագրված ԾԱ գնելիս,տարբեր սարքերից տեղեկության միաժամանակյա հասանելիությունը: Դրական կողմերից է նաև այն, որ կարելի է տեղեկությունը ներկայացնել մտերիմ մարդկանց կամ գործընկերներին աշխարհի ցանկացած կետից:
«Ամպի» թերություններին կարելի է դասել միայն անվտանգության հարցը, քանի որ սերվերները կարող են ենթարկվել ցանցահենների գրոհների: Բայց նույնիսկ եթե դուք պահեք ձեր տվյալներն անձնական սերվերում, հաքերներից դա ձեզ նույնպես չի փրկի, քանի որ անվտանգության կանոնները հավասարապես վերաբերում են ինչպես սերվերային և ցանցային լուծումներին, այնպես էլ ֆիզիկական սերվերներին ու համակարգիչներին։
Բոլորին հայտնի է, որ անգամ անձնական համակարգչում տվյալների պահպանման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը։ Ո′չ firewall–ի առկայությունը, ո′չ տեղադրված հակավիրուսային ծրագիրը 100%–ով չեն երաշխավորում տվյալների պահպանումը։ Բնական է, որ պաշտպանության այս աստիճանների առկայությունը, այդ թվում` «ամպային» լուծման մեջ, նվազեցնում է ներթափանցման և համակարգի գրոհի ռիսկը։
Տվյալների պահպանման տեսանկյունից, օրինակ,
Ucom–ը իր հաճախորդներին երաշխավորում է տվյալների պաշտպանություն և ամբողջականություն ողջ «ամպի» մակարդակում։ Սակայն ինչ վերաբերում է օգտատիրոջ օպերացիոն համակարգի, նրա սերվերում տեղադրված ծրագրերի, ընտրված ֆայլային համակարգի պաշտպանությանը, ինչպես նաև կրիպտավորման հնարավորությանը, ապա դրա համար պատասխանատու է օգտատերը։ Սակայն Ucom–ը կարող է աջակցել հաճախորդին` տրամադրելով խորհրդատվություն
անվտանգության հարցերի շուրջ։ Միաժամանակ շատ օպերատորներ, այդ թվում` Ucom–ը, ունեն մոնիտորինգի համակարգ, որը թույլ է տալիս ժամանակին իրազեկել սպառնալիքի առաջացման մասին։
