Հայաստանում դրամական փոխանցումները, հնարավոր է, հարկվեն. պարզաբանում ենք իրավիճակը

Խնդրի էությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը Հանրային ռադիոյի եթերում խոսել է մասնավոր փոխանցումների համար տարեկան 23% եկամտահարկ ներդնելու մասին: Նա նշել է, որ այն դեպքում, եթե մարդը, ով եկամուտ է ստացել երկրից դուրս, արդեն այնտեղ վճարել է հարկը, ապա ՊԵԿ պետք է ներկայացվեն համապատասխան տեղեկանքներ։ Ընդ որում, եթե այնտեղ վճարված հարկի չափն ավելի քիչ է, քան Հայասանում, ապա տարբերությունը պետք է վճարել պետբյուջե: Այս գաղափարը ներկայացվել է որպես բնակչության եկամուտների հայտարարագրման նախագծի մի մաս: Փոխանցումների հարկման նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ է դարձել: Այն քննադատել են սոցցանցերում, նախկին իշխող ՀՀԿ–ն նույնպես սուր քննադատությամբ է հանդես եկել:

Трансферты

Ինչու՞ այս գաղափարը սուր քննադատության առիթ դարձավ

Հայաստանում դրամական փոխանցումները հասարակության մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրներից են: Սա այն գումարներն են, որոնք արտերկրում աշխատողներն ավանդաբար ուղարկում են իրենց ընտանիքների անդամներին: Շատերի` մասնավորապես, մարզերի բնակիչների համար փոխանցումների շնորհիվ լուծվում են մի շարք կենսական նշանակության սոցիալական խնդիրներ: Հիշեցնենք, որ աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է գրեթե 30%:

Հասարակ քաղաքացիները դրամական փոխանցումները հոգեբանորեն չեն ընկալում որպես դասական եկամուտ, ստացված գումարները ծառայում են ընտանեկան բյուջեի, պարտքերի մարման և այլ ծախսերը հոգալու համար: Բացի այդ, դրամական փոխանցումներ կատարող մարդիկ միջնորդավճար են վճարում բանկում, իսկ ստացողերը հաճախ գումար են կորցնում արժույթի փոխանակման վրա, այդ իսկ պատճառով հավելյալ հարկերը դժգոհություն են առաջացնում:

Ակնհայտ է, որ Հայաստանում փոխանցումները կարևոր դեր են խաղում տնտեսության զարգացման գործում. երկրի ՀՆԱ-ում փոխանցումները կազմում են մոտ 15%:

Գոյություն ունի ուղիղ կապ փոխանցումների աճի, սպառման ծավալների և տնտեսական աճի միջև: Օրինակ, 2015 թ.-ին դրամական փոխանցումների կտրուկ անկումից հետո ներքին առևտրաշրջանառությունը երկրում կրճատվեց 8%–ով:

Трансферты

Ինչպե՞ս է արձագանքել ընդդիմությունը

Հանրապետական խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ միշտ դեմ է եղել տրանսֆերտների հարկմանը` հաշվի առնելով երկրի վրա դրանց ազդեցությունը: «Չկատարենք պատմական էքսկուրսներ 90–ականներ, երբ տրանսֆերտներն օգնեցին ապահովել կայունություն և զարգացում: Հարկը ներդնելուց հետո մարդիկ կսկսեն փնտրել հարազատներին գումար փոխանցելու շրջանցիկ ճանապարհներ, իսկ դա կհանգեցնի տրանսֆերտների ծավալների կտրուկ նվազման, ինչը կառաջացնի լուրջ սոցիալական դժգոհություն», - ասել է նա:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook-յան իր էջի ուղիղ եթերում նույնպես քննադատել է այս նախաձեռնությունը և անթույլատրելի է համարել այն:

трансферты

Ի՞նչ է այդ մասին մտածում փորձագետը

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Մելիքյանը ևս չի աջակցում նախաձեռնությանը։ Նա նշել է, որ դրամական փոխանցումները շատ կարևոր են աշխատանքային միգրանտների ընտանիքների համար, որտեղ նման փոխանցումները հաճախ եկամտի միակ աղբյուրն են։ Նրա խոսքով, բացառություն են միայն նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում արտասահմանից փոխանցումների տեսքով։ Նման եկամուտը, նրա կարծիքով, կարելի է հարկել, սակայն ոչ եկամտահարկի չափով (Հայաստանում այն կազմում է 23%, խմբգր.)։ Մելիքյանի խոսքով, կարևոր է բացառել կրկնակի հարկման հնարավորությունը։

Նրա գնահատմամբ, դրամական փոխանցումների հարկման նախաձեռնությունը պարունակում է մի շարք ռիսկեր, մասնավորապես, այն կարող է հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացման։ Դրամական փոխանցումները հարկի ներդրումից հետո կուղարկվեն` շրջանցելով բանկային համակարգը` այդ կերպ հրահրելով «ստվերի» առաջացում։

«Մոտ 10 տարի առաջ տնտեսության մեջ նկատվում էր սպառման սեզոնայնություն, մասնավորապես, տարեվերջին գրանցվում էր կտրում աճ աշխատանքային միգրանտների` հայրենիք վերադառնալու պատճառով։ Վերջին տարիներին այդ իրավիճակը կարգավորվել էր բանկային համակարգի նկատմամբ առկա վստահության ավելացման արդյունքում», – ասաց նա։

Трансферты

Ի՞նչ են հայտարարում իշխանությունները

Կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ աշխատանքային միգրանտների հարկման նախաձեռնությունը կիրագործվի բացառապես բնակչության մեծամասնության աջակցության դեպքում։ Նա նշեց, որ աշխատանքային միգրանտների հարկման գաղաափարի շուրջ ստեղծված իրավիճակը խեղաթյուրվել և սխալ է մեկնաբանվում։ Միրզոյանը պարզաբանեց, որ կա առաջարկ եկամուտների հայտարարագրման միասնական համակարգի ներդրման մասին, որի շրջանակում բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են պետական ծառայողներն ու պաշտոնյաները։ Նա նշեց, որ կարևոր է պարզել, թե որքանով է երկիրը պատրաստ նորամուծությանը։ Նա նաև ընդգծեց, որ գաղափարի իրագործման դեպքում հարկավոր է բացառել կրկնակի հարկման վտանգը։ «Չի կարող լինել այնպես, որ ինչ–որ մեկն ԱՄՆ–ում կամ ՌԴ–ում արդեն մուծել է հարկերը, իսկ այդ միջոցները Հայաստան փոխանցելուց հետո այստեղ ևս դրանք հարկվեն», – ասաց Միրզոյանը։

кошелек деньги 

Ինչպե՞ս են մեկնաբանել ՊԵԿ–ից

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեից հայտարարել են, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,– նշել են ՊԵԿ–ից։

Кошелек, деньги