Վարչապետն ընտրված է, ի՞նչ է տեղի ունենում հետո
Նոր կառավարություն
Որո՞նք են վարչապետի գործառույթները
Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է դրա գործունեությունն ու համակարգում է դրա անդամների աշխատանքը։ Վարչապետը կարող է կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ կառավարության անդամներին։ Նա գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ Փոխվարչապետները վարչապետի հանձնարարականով իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգում։ Փոխվարչապետներից մեկը վարչապետի կողմից սահմանված կարգով փոխարինում է նրան բացակայության ժամանակ։
Կառավարության առաջին նիստը
Արդեն մայիսի 10–ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցկացնի կառավարության առաջին նիստը` դեռևս հին կազմով։ Նիստի օրակարգում արդեն կա ավելի քան երկու տասնյակ հարց, այդ թվում` ԵՏՄ–ի համանաձայնագրում փոփոխությունների վավերացումը, «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները և այլ հարցեր։
Ե՞րբ սպասել կառավարության ծրագրին
Կառավարության ձևավորումից հետո 20–օրյա ժամկետում վարչապետը պետք է Ազգային ժողով ներկայացնի կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում կառավարության ղեկավարը նշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները: Ծրագիրը յոթնօրյա ժամկետում պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման խորհրդարանում 105 պատգամավոր է, ծրագրի հաստատման համար անհրաժեշտ կլինի առնվազն 53 ձայն: Դա նշանակում է, որ Փաշինյանը կրկին ստիպված կլինի բանակցություններ վարել Հանրապետական կուսակցության հետ, որը պետք է իր հավանությունը տա այս ծրագրին: Հակառակ դեպքում այն չի ընդունվի:
Ի՞նչ կլինի, եթե խորհրդարանը հավանություն չտա ծրագրին
Եթե խորհրդարանը հավանություն չտա կառավարության ծրագրին, կառավարությունը կցրվի: Այդ դեպքում խորհրդարանը ստիպված կլինի կրկին վարչապետ ընտրել` կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընդ որում, եթե խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրերին ու չի ընտրում նոր վարչապետին, ապա այն արձակվում է իրավունքի ուժով: Եթե պատգամավորները ընտրում են վարչապետ, սակայն կրկին հավանություն չեն տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է: