ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականը մեծ ինքնանվիրում դրսևորեց իտալացիների հետ խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում, ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի սեփական հարկի տակ զիջեց Իտալիայի հավաքականին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում։
«Ուզում եմ նշել, որ տղաները դրսևորեցին մեծ ցանկություն և ինքնանվիրում։ Առաջին խաղակեսի սկզբում մեզ հաջողվեց բացել հաշիվը ճնշման շնորհիվ, սակայն իտալացիները կարողացան հավասարացնել հաշիվն ու ստացան տարածքային առավելություն», – ասաց նա։
Գյուլբուդաղյանցի խոսքով, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը կանի ամեն ինչ, որպեսզի թիմը կարողանա վերականգնվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ հաջորդ խաղում, որը տեղի կունենա կիրակի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր հերթին նշեց, որ Հայաստանի հավաքականը ֆիզիկական տեսանկյունից ավելի ուժեղ էր իտալական թիմից։
«Սակայն մեզ հաջողվեց հաղթել այլ չափորոշիչների շնորհիվ», – նշեց նա։
Մանչինիի խոսքով, նա գոհ է, որ Իտալիայի հավաքականին հաջողվեց հաղթել ընտրական փուլի բոլոր հինգ հանդիպումներում։ Սակայն նա չի կարծում, որ մրցաշարային տեսանկյունից բոլոր հարցերը լուծված են։
Չորս տուրերից հետո Հայաստանը J խմբում 6 միավորով գտնվում է 3–րդ հորիզոնականում։ Խմբում առաջատարն է Իտալիան` վաստակելով 15 միավոր։ Նրան երեք միավորով զիջում է Ֆինլանդիայի հավաքականը (12 միավոր)։ Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները վաստակել են 4–ական միավոր։ Վերջին տեղում է Լիխտենշտեյնի հավաքականը, որը ոչ մի միավոր չի վաստակել։–0–