Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց

27.11.2015, 16:28
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների դռնփակ քննարկումն է:
Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների դռնփակ քննարկումն է, հաղորդում է tert.am-ը:

Կասկածյալները  դատարան են բերվել ձեռնաշղթաներով: Բացի փաստաբաններից դատարան են եկել ձերբակալվածների հարազատները: Դատարանում զինված խմբավորման 21 անձանց կալանքի միջնորդությունների քննարկումն է։

ԱԱԾ–ն բացահայտել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել. ԱԱԾ պետի տեղակալ>>

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավարի՝ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը բավարարել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։

«Երկուշաբթի օրը կխորհրդակցեմ պաշտպանյալիս հետ,  որից հետո ասելիք կունենամ» ասաց Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

ԱԱԾ–ն հրապարկել է Նորք–Մարաշում զինված խմբից բռնագրավված զենք–զինամթերքի ցանկը>>

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթի հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ -0-