Փաշինյանն ու Միշելը խոսել են Ալիևի հետ եռակողմ հանդիպման սպասումներից (ՎԻԴԵՈ)
19:13
06 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, Միշելը երկու երկրների առաջնորդների հետ կքննարկի իրադարձությունների զարգացումը վերջին բանակցություններից հետո, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս կառուցելուն ուղղված հետագա ուղիները՝ հօգուտ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»: Փաշինյանը հույս ունի, որ այդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ կհամաձայնեցնի բոլոր հարցերը, որոնք կապված են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հետ:-0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը