ՌԴ ԱԳՆ–ն կուսումնասիրի այն պայմանագիրը, որով Արարատ լեռն անցել է Թուրքիային

10.02.2016, 18:54
Ռուսաստանի ԱԳՆ–ում կուսումնասիրեն Պետդումայի պատգամավորների` 1921 թվականի մարտի 16–ին Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հարցումը։
 ՌԴ ԱԳՆ–ն կուսումնասիրի այն պայմանագիրը, որով Արարատ լեռն անցել է Թուրքիային
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԳՆ–ում կուսումնասիրեն Պետդումայի պատգամավորների` 1921 թվականի մարտի 16–ին Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հարցումը։

Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչպես դա կազդի այդ երկրի հետ ՌԴ–ի հարաբերությունների վրա, քանի որ պայմանագրում շոշափվում են նաև Ադրբեջանի շահերը։

«Իսկապես, ԱԳՆ–ի հասցեին Պետդումայի մի շարք պատգամավորներից հարցում է ստացվել պայմանագիրը խզելու առաջարկով, – ասել է դիվանագետը։ – Կարող եմ ասել, որ այս պահին հարցումը պետք է ուսումնասիրվի, թե կոնկրետ ինչ են մեզ առաջարկում։ Ամեն ինչ կարվի սահմանված կարգով։ Առայժմ պետք է ուսումնասիրվի այդ նախաձեռնությունը»։

Զախարովան ավելացրել է նաև, որ «Ադրբեջանի հետ հարաբերությունները մենք զարգացնում ենք, և չենք անի որևէ բան, որը դրանք վատնա այլ, հակառակը, կկենտրոնանաք նրա վրա, թե ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ»։

«Մեզ բազմաթիվ ոլորտներում շատ բան է կապում»,– ընդգծել է նա։

Մոսկվայի պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա. քաղաքագետ>>

Օրերս, Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–ին նամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։

«Մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ շահավետ բոլոր ռուս–թուրքական համաձայնագրերի վերանայման հավանականությունը։ Անկարան պետք է հասկանա, թե ինչ հետևանք կարող է նրա համար ունենալ հակամարտության լարումը։ Միայն դա կարող է նրան սթափեցնել և հետ պահել նոր սադրանքներից»,– ասել է պարբերականին Օբուխովը:

Իր գործընկերների նախաձեռնությանը կողմ էին նաև «Արդար Ռուսաստանում» Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով, Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել էր ի վնաս Ռուսաստանի շահերի։

Օբուխովը նշել էր, որ «անդրկովկասյան երեք հանրապետություններից երկուսը` Վրաստանը և Հայաստանը, չեն ընդունում պայմանագրի պայմանները` այն անարդար համարելով»։ «Պետք է հիշել, որ 1921 թվականին բոլշևիկների իշխանությունը դեռևս բառացիորոն մազից էր կախված` շարունակվում էր օտարերկրյա ինտերվենցիան, քաղաքացիական պատերազմը։ Այդ պայմաններում Խորհրդային Ռուսաստանը չէր կարող ուժ կիրառել և Թուրքիայի վզին փաթաթել պայմանագրի ավելի շահավետ պայմաններ»,– ասում է կոմունիստը։

Պայմանագրի համաձայն, հիշեցնում էր պարբերականը, «Կարսի մարզը և նախկին Բաթումի մարզի հարավային մասը (Ռուսական կայսրության կազմում էին 1878 թվականից), ինչպես նաև Էրիվանի նահանգի Սուրմալու գավառն (Ռուսական կայսրությունում էր 1828 թվաիկանից) Արարատ լեռան հետ անցնում էին Թուրքիային»։ -0-