Ուորլիքը կոչ է արել ԵԽԽՎ–ին հաշվի առնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ԵԽԽՎ–ին և միջազգային այլ կազմակերպություններին հաշվի առնել Մինսկի խմբի համանախագահների կարծիքը ղարաբաղյան հակամարտության գործընթացին վերաբերող հարցերում։
«ԵԽԽՎ–ն և միջազգային այլ կառույցները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցներ կամ բանաձևեր պատրաստելուց առաջ», – գրել է Ուորլիքը Twitter–ի իր էջում։
Օհանյանը հուսով է, որ Մինսկի խումբը կխոսի հրադադարի ռեժիմը խախտող կողմի մասին>>
Նախօրեին ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեն քննարկել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնության աճը» թեմայով Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) զեկույցի նախագիծը և այն ներառել հունվարյան նիստի օրակարգում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

