Օհանյանը հուսով է, որ Մինսկի խումբը կխոսի հրադադարի ռեժիմը խախտող կողմի մասին
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կխոսի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող կողմի մասին։
«Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ համանախագահների կողմից կներկայացվի այն կողմը, որը խախատում է հրադադարի ռեժիմը..Մենք փորձում ենք մշտապես պահպանել հրադադարը», – ուրբաթ ասաց նա լրագրողներին։
Օհանյանը նշեց, որ հայկական կողմն ամբողջությամբ վստահում է ՄԽ համանախագահներին, չէ՞ որ առանց նրանց գործողությունների չէր հաջողվի ապահովել թեկուզ հարաբերական հրադադարի վիճակը։
«Մենք բազմիցս միջոցառումներ ենք անցկացրել համապատասխան մեխանիզմների օգնությամբ` վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Աստծո կամքով կգա այն օրը, երբ կձևավորվեն վստահության մեխանիզմներ փոխադարձ երկխոսության համար», – նշեց նա։
Ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ >>
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարարը, վերջերս սահմանին լարվածությունը նվազել է, իրավիճակը վերահսկվում է։
Չնայած այս ամենին, Օհանյանի խոսքով, հակառակորդը ժամանակ առ ժամանակ խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն «հայ զինվորների խելամիտ գործողությունների շնորհիվ այդ գնդակոծումները դադարել են»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

