Ղարաբաղը ճանաչելու օրինագիծն Ադրբեջանին զսպելու տարր է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղը ճանաչելու օրինագիծը շփման գծում հետագա սրումից Ադրբեջանին զսպելու տարր է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։
ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը>>
Մինասյանի խոսքով, դեռ պարզ չէ` հավանության կարժանանա՞ այդ օրինագիծը մայիսի 5–ի նիստին, թե ոչ։
«Մանրամասներին ծանոթ չեմ, սակայն, ըստ երևույթին, այդ պատգամավորներն ունեն հնարավորություն ներկայացնելու որոշակի օրենսդրական նախաձեռնություններ։ Սակայն քանի որ պատգամավորներն ընդդիմադիր են, նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն։ Հնարավոր է` օրինագիծը քննարկվի, սակայն ես կասկածում եմ, որ այն կընդունվի», – նշեց Մինասյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ կառավարության նիստում այդ օրինագիծը ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` փորձագետը նշեց, որ դա Ադրբեջանին ուղղված քաղաքական մեսիջ է։
«Սա Բաքվին ուղղված անկեղծ մեսիջ է, որ եթե նա շարունակի սրել իրավիճակը, ապա հնարավոր քաղաքական հետևանքներից կլինի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը», – նշեց նա։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

