ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան զորքերը պատրաստ են հարված հասցնել Ադրբեջանի նավթային հաղորդակցություններին Ինսկանդեր, Սկադ-Վ, Տոչկա-ՈՒ համակարգերի կիրառմամբ:
«Զգուշացնում ենք, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել նավթահաղորդակցություններին` Իսկանդեր, Սկադ-Վ, Տոչկա-ՈՒ համակարգերի կիրառմամբ, եթե Ադրբեջանը հանդգնի ռմբակոծել մեր քաղաքները», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ղարաբաղյան պաշտպանության վարչությունում առկա աղբյուրը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 29 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում